Լիլիթ Թումանյան. Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու

Լիլիթ Թումանյան. Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք ոչ թե վերափոխում ենք նախատեսում, այլ հեղափոխություն։ Շատերը հարցնում են՝ հակահեղափոխությո՞ւն եք անելու։ Ոչ, որովհետև հեղափոխություն չի եղել»,- «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողներին ասաց կուսակցության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը։

Նրա խոսքով, իրական հեղափոխությունը մտքի հեղափոխությունն է, երբ որ մարդիկ հասկանում են, որ ընտրակարգը և կառավարման ձևը, որով ապրել են տարիներ շարունակ, գուցե սխալ է եղել։

«Սա է հեղափոխությունը և պատրաստ ես 180 աստիճանով փոխել ամեն ինչ քո պետության կառուցվածքից սկսած, վերջացրած ընտրելու ձևից։ Սա է լինելու նորությունն ու նորամուծությունը։ Բնականաբար, հասկանում ենք այն բոլոր ռիսկերը, մտավախությունները, որոնք կարող են առաջանալ, որովհետև այն գաղափարները, որոնց մասին մենք խոսում ենք, այնպես չէ, որ շատ տարածված են կամ շատ հասկանալի։ Բնավ չենք ակնկալում, որ դրանք կլինեն համաժողովրդական։ Դա նույնպես պոպուլիզմի ճանապարհ է։ Մենք խուսափելու ենք պոպուլիզմի ճանապարհից բոլոր հնարավոր միջոցներով»,- ասաց Լ. Թումանյանը։

Նա նշեց, որ իրենք որևէ մեկին չեն համոզելու, այլ ցույց են տալու իրենց դերը, իրենց ապրելակերպը, մտածելակերպը, առաքելությունը, որպեսզի մարդիկ, ովքեր համակարծիք են, նույն գաղափարախոսությանն են հարում, գան միանան։

«Մենք որևէ մեկին չենք խնդրելու, չենք քարոզելու այն, ինչ սովոր են լսել մարդիկ։ Չենք փորձելու ցույց տալ, որ բոլորից ամենալավն ենք, ամենախելացին, պատրատ ենք հանուն իրենց սիրո անել ամեն ինչ։ Մենք ուղղալի ցույց ենք տալու, թե ինչ ենք համարում ճիշտը և սխալը, ինչ ենք համարում պետական և հակապետական, ինչ ենք համարում դավաճանության և հերոսություն։ Մեր արժեհամակարգը, գաղափարախոսությունը պետք է պարզ լինի բոլորի համար։ Դա է, որ պետք է բերի դեպի մեզ մարդկանց, որովհետև այն պարագայում, երբ մարդն է գալիս քեզ մոտ, ոչ թե դու ես հրավիրում, այդ պարագայում իր ընտրությունը վերջնական է»,- ասաց «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Լ. Թումանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում