Անհապաղ, րոպե շուտ երկրորդ նախագահը պետք է գտնվի ազատության մեջ. Արամ Վարդևանյան

Անհապաղ, րոպե շուտ երկրորդ նախագահը պետք է գտնվի ազատության մեջ. Արամ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ներկայումս Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված և որևէ կերպ չհաղթահարված անձ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ նկատի ունենալով հենց Քոչարյանին։

Վարդևանյանի խոսքով՝ նախկին նախագահի իրավունքները նրան կալանավորելով խախտվել են, քանի որ «անձեռնմխելիությունն ու քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»։

«Սահմանադրական դատարանը արձանագրելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կա հակասություն, փաստել է, որ երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել։ Ավելին, երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի որոշում նույնիսկ չէր կարող կայացվել», – հավելեց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան օրենսդրությունը նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու ընթացակարգ չի նախատեսում։

Վարդևանյանը պնդեց, որ Քոչարյանը «անհապաղ, րոպե շուտ» պետք է լինի ազատության մեջ։ Նրա խոսքով, համապատասխան մարմինները պետք է վերացնեն Քոչարյանի հիմնարար իրավունքների խախտումը, ինչը նշանակում է՝ նախկին նախագահը պետք է ազատ արձակվի։

«Եթե լիներ իրավունքի գերակայություն, ապա հենց այսօր կայանար դատական նիստ, ու դատարանն իր նախաձեռնությամբ վերացներ խափանման միջոցի որոշումը, դատախազությունն էլ իր հերթին պետք է ստանձներ այս հարցի վերաբերյալ գործողությունների իրականացումը», -հավելեց փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում