Դատարանը պետք է անհապաղ վերացնի Ռոբերտ Քոչարյանի կալանքը. Փաստաբանը մեկնաբանում է ՍԴ որոշումը

Դատարանը պետք է անհապաղ վերացնի Ռոբերտ Քոչարյանի կալանքը. Փաստաբանը մեկնաբանում է ՍԴ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ Սահմանադրական դատարանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կա օրենդրական բաց ու դա բերել է դատարանների կողմից տարաբնույթ մեկնաբանությունների, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՍԴ հրապարակված ամբողջական որոշմանը։

«ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է, որ օրենսդրական բացը բերել է նրան, որ դատարանները տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս ու չկա օրենքում որևէ կառուցակարգ, որով հնարավոր կլինի անդրադառնալ անձեռնմխելիությանը», – ասաց Արամ Օրբելյանը՝ մեջբերելով հատվածներ ՍԴ որոշումից.

«Տեսեք, հրապարակված որոշման 18-րդ էջում հստակ նշված է.

«…այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից»։

Բացի դրանից, 20-րդ էջում ՍԴ-ն ուղղակիորեն արձանագրել է.

«Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին»։

Այսինքն, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սա այնպիսի բաց չէ, որը կարելի է մեկնաբանությամբ կամ այլ օրենքներ կիրառելով լրացնել ու, հետևաբար, ստացվում է հետևյալը՝ այդ օրենսդրական բացի շրջանակներում, երկրի նախագահի կողմից արարքներին գնահատական տալը որևէ վարույթի շրջանակներում՝ դա լինի Ռոբերտ Քոչարյանի վարույթը, թե այլ վարույթ, թույլատրելի չէ, որովհետև ՍԴ որոշման հաջորդող էջերում դատարանը բավականին մանրամասն մեկնաբանում է՝ որպեսզի խափանման միջոց կալանքը լինի իրավաչափ, պետք է տրված լինի ներպետական օրենքին համապատասխան, իսկ օրենք ասելով նկատի ունենք ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական։ Ընդ որում, օրենք ասելով նկատի ունենք օրենքի նաև որակը, որը չպետք է ունենա նմանատիպ սահմանադրաիրավական բացեր», – ասաց Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ընդգծեց՝ «սա նշանակում է, որ տրված բոլոր խափանման միջոց կալանքներն՝ ապօրինի են»։

«Այսինքն, քանի դեռ չկա ընթացակարգ, կառուցակարգ, դետալացված չէ օրենքում՝ չի կարելի համարել, որ անձեռնմխելիությունը հաղթահարված է և, հետևաբար, քանի որ օրենքը չի համապատասխանում այն որակներին, որը պահանջում է Եվրոպական կոնվենցիան և մեր Սահմանադրությունը, չի կարող կալանավորումը կամ որևէ այլ նմանատիպ գործողություն լինել իրավաչափ՝ սկսած պարոն Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշումից, ավարտած՝ բոլոր մյուս անձանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշումներից, որտեղ, կրկնում եմ, մեղադրանքի հիմքում դրված են արարքներ, որոնք նախագահի գործողություններ են», – ասաց փաստաբանը։

Արամ Օրբելյանը նշեց, որ իրենք հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան.

«Սեղմ ժամկետում մենք պլանավորում ենք ներկայացնել միջնորդություն՝ առնվազն կալանքը վերացնելու մասով։ ՍԴ այս որոշումն, ըստ էության, ենթադրում է նաև գործի մասնակի կարճում։ Գործը երկու էպիզոդ ունի՝ կաշառքն ու Սահմանադրական կարգի տապալումը, վերջինի մեղադրանքի հիմքում դրված գործողությունների մեծամասնությունը դրանք նախագահի գործողություններ են։ Այսինքն՝ նախագահի գործողություններ են բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է նախագահը՝ որպես նախագահ։ Եթե ես և դուք չենք կարող այդ բանը կատարել, կարող է կատարել միայն նախագահը, ուրեմն դա ընկնում է նախագահի գործառութային անձեռնմխելիության տակ։

Ըստ էության, սա նշանակում է, որ պարոն Քոչարյանը պետք է անհապաղ կալանքից ազատ արձակվի, որովհետև ստացվում է, որ ինքը կալանքի տակ պահվում է ապօրինի։

Դրա համար մենք միջնորդելու ենք դատարանին ու դատարանը, եթե իրավական պետության տառին, գաղափարին ու սկզբունքներին համապատասխան գործի, պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կալանքը վերացնի ու դրանից անմիջապես հետո կարճելու որոշում կայացնի», – ամփոփեց Արամ Օրբելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում