Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում ծրագրված է, տեղի է ունենալու շուտով։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշեց, որ երկու երկրների ԱԳ նախարարների, համանախագահների միջև համաձայնություն կա , որ միաժամանակ են հայտարարելու հանդիպման մասին, չի ուզում խախտել այդ համաձայնությունը։

«Այս տարվա ընթացքում մեր երկրի կառավարությունը հստակ արտահայտել է մեր մտադրությունների լրջությունը՝ ակտիվ աշխատել խաղաղ կարգավորման գործընաթի ուղղությամբ։ Այս տարվա ընթացքում արտաքին գործերի նախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվը ի ցույց է դնում մեր մտադրությունների լրջությունը»,- ասաց Զ. Մնացականյանը։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ներկա բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով, որ կողմները պայմանավորել են չկրակել, սակայն հաշվի առնենք, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, մինչև ե՞րբ է ՀՀ-ն պատրաստ բանակցելու առանց փաստաթղթի, ինչի՞ համար ենք մենք բանակցում, Զ. Մնացաանյանն ասաց, որ չպետք է տպավորություն ստեղծվի՝ երբ որ թղթով չեն աշխատում, ուրմեն չեն բանակցում։

«Այսօրվա հիմնական մեր գերակա խնդիրը մեզ համար անդրադառնալն է այն բազմաթիվ պարամետրերին, որոնք իրենց ամբողջության մեջ պոտենցիալ լուծման ճանապարհն են, գնահատել դրանք։ Գործընթացը գոյություն ունի բավական երկար ժամանակ, ձևավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք իրենց համադրության մեջ կարող են հանդիսանալ ճանապարհ դեպի առաջ։ Մեզ համար շատ էական գործընթաց է համադրումն այդ պարամետրերի այնպես, որպեսզի կարողանանք փորձել հասնել այդ պարամետրերի լավագույն համաչափությանը։ Չի կարող մեկ կողմ ենթադրել, որ կարող է գնալ առաջ ավելի մաքսիմալիստ սպասելիքներով, ակնկալել, որ նման մոտեցումը կարող է պարտադրել մյուս կողմին։ Մեզ համար դա չաշխատող տարբերակ է։ Մյուս կողմից բավական մեծ ներուժ ենք ներդնում և համանախագահների կողմից, և մեր կողմից աշխատելու այդ պարամետրերի գնահատման, համաչափության եզրերը գտնելու ուղղությամբ, որոնք կարող են արտահայտվել թղթի վրա»,– ասաց նախարարը։

Զ. Մնացականյանի խոսքով, մեծ նշանակություն են տալիս համանախագահների միջնորդության ձևաչափին, շարունակում են պնդել, որ այդ ձևաչափը լավագույնս է իր մեջ ներառում կարողություններ արդյունավետ միջնորդություն իրականացնելու համար։

«Սա մեզ համար կարևոր սկզբունք է, որ խաղաղությունն այլընտրանք չունի, սպառնալիքներն ապագա չունեն, համապատասխան միջավայրը, որի շրջանակներում տեղի են ունենում բանակցությունները, խաղաղության նպաստող միջավայրը, չի կարող արհամարհվել։ Այս բոլորը միասին համադրված ներկայացնում է մեր այսօրվա աշխատանքի բովանդակությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում