Փաշինյանին աջակցող հեղափոխական ակտիվիստը ԱՄՆ-ում մեղադրվում է մանկապղծության մեջ (լուսանկարներ)

Փաշինյանին աջակցող հեղափոխական ակտիվիստը ԱՄՆ-ում մեղադրվում է մանկապղծության մեջ (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը:

Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո գործողություններ կատարելուն:

«Սա հրապարակային գրառում և կոչ է բոլոր մարդկանց և կազմակերպություններին՝ իրենց հարաբերությունները սեռական բնույթի հանցագործ Արա Մանուկյանի հետ վերանայելու և իրենց երեխաներին անվտանգ պահելու համար»,– գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:

Արա Մանուկյանի նկատմամբ սահմանվել է 1,330,000 դոլարի չափով գրավ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Tert.am-ը կապ հաստատեց գրառում կատարած Րաֆֆի Շիշոյեանի հետ, ով հայտնեց, որ փաստաթղթերին ծանոթացել է բաց աղբյուրներից՝ Կալիֆոռնիայի դատարանից և ոստիկանությունից:

«Բավական երկար ժամանակ է ինչ հետևում եմ Արա Մանուկյանի գործունեությանը: Նա ԱՄՆ ամբողջ հայ համայնքին պառակտեց: Այդ գործով նա զբաղվում էր և Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ, և դրանից հետո: Հիմա նա Փաշինյանի կառավարությանն է աջակցում, դրանից առաջ էլ «Սասնա ծռերին» էր պաշտպանում»,- նշեց Րաֆֆի Շիշոյեանը:

Ստորև ներկայացված են Արա Մանուկյանին առաջադրված մեղադրանքի հոդվածները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում