Էրդողանը Եվրոպային սպառնացել է փախստականների նոր ալիքով

Էրդողանը Եվրոպային սպառնացել է փախստականների նոր ալիքով

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է բացել երկրի արևմտյան սահմանները սիրիացի փախստականների համար, եթե Սիրիայի հյուսիսում չստեղծվի անվտանգության գոտի, և եթե Արևմուտքը չցուցաբերի Անկարային խոստացված օգնությունը:

«Մեզ մոտ ապաստան է գտել 4 միլիոն փախստական: Մինչև որ պահն ենք մենք քարշ տալու այդ բեռը, բայց ներողություն, մենք չենք կարող դա հավերժ անել: Եթե անվտանգության գոտին չստեղծվի, և եթե մենք չստանանք Արևմուտքի խոստացած օգնությունը, ստիպված կլինենք բացել մեր դռները: Թող այն ժամանակ իրենք տեսնեն, թե ինչ է դա նշանակում: Իհարկե, մենք դեռ կարող ենք շարունակել օգնել փախստականներին: Սակայն փախստականների նոր ալիքի վտանգ կա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև:

Նա հավելել է, որ Թուրքիան մշակել է առաջարկ՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը կարող է մասամբ լուծել սիրիացի փախստականների բնակվելու հարցերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում