Փաշինյանը խիստ վտանգավոր հայտարարություն է անում. Վ. Բալասանյան (տեսանյութ)

Փաշինյանը խիստ վտանգավոր հայտարարություն է անում. Վ. Բալասանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր հայտարարություններ է կատարում, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ԱՀ իշխանությունները գործել են առանց որևէ ազդեցության, մեր ինքնիշխանությունը եղել է բարձր մակարդակի վրա, ԱՀ, ՀՀ իշխանությունների հարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական, միշտ կողմնորոշվել են օրենքներով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Փարիզում լույս տեսնող Nouvelle d’Arménie պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի հարցերում կա անհամաձայնություն:

«Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Արցախում 28 տարիների թե՛ ՏԻՄ, թե՛ ԱԺ ընտրությունները, թե՛ նախագահական ընտրությունները, մենք չենք ընդունում նմանատիպ հայտարարությունները, և ցանկալի է, որպեսզի ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ճշտումներ մտցնեն իրենց քաղաքական հայտարարությունների մեջ»,-նշեց նա:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՀ այցելությունների ժամանակ, երբ ինքը դեռ ԱԽ քարտուղար էր, իրենք առաջարկել են, որ ԱՀ-ի և ՀՀ-ի միջև կքննվի միջպետական պայմանագիր:

«Խնդիրը հենց սա է, այդ կարևոր փաստաթուղթը չունենալով՝ մենք անձնավորում և կասկածի տակ ենք դնում մեր ընդհանուր համագործակցությունը թե՛ քաղաքական, թե՛ տեսական, թե՛ ռազմական և թե՛ այլ բնագավառներում: Հիմա կարող են հարց հնչեցնել՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ չենք կնքել այդ ռազմավարական միջպետական պայմանագիրը, բայց ժամանակները փոխվել են»,-ասաց Բալասանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում