Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Թե՛ իրավական, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյունից փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ, և միայն ճիշտ համակցումը կբերի ճիշտ որոշման»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ամուլսարի հարցով ՀՀ-ն մտահոգվելու կարիք ունի՞, քանի որ «Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան:

Հարցին, արդյոք կարո՞ղ են հիմնավորել, որ հանքի շահագործումը վնասակար է՝ հատկապես Սևանա լճի ավազանի համար, քանի որ շատ բնապահաններ նշում են՝ձնհալի հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ, Մհեր Գրիգորյանն ասաց, որ հարցը խորը փորձագիտական և մասնագիտական եզրահանգման կարիք ունի:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե «Էլարդ» ընկերության փորձագետների հետ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ նոր բացահայտումներ եղե՞լ են, փոխվարչապետը նշեց, որ քննարկմանը չի մասնակցել, տեսանյութն է դիտել. «Կարծում եմ՝ ինչ-որ բաներ նոր էին, որոշ բաներ արդեն իսկ հայտնի էին, բայց գնահատականներ պետք է տրվեն համակցման մեջ»:

Նա սխալ համարեց նաև այն կարծիքը, թե պետությունը իզուր է եզրակացության համար 400 հազար դոլար վճարել «Էլարդ»-ին. «Չի կարելի նման բան ասել, քանի որ կա փորձագիտական նյութ, որն առնվազն լսել է պետք»։

Փոխվարչապետը նշեց նաև, որ հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտը:

Հարցին՝ մինչև բնապահպանական հարցերին ստույգ պատասխաններ չտրվեն, ապա չե՞ն կարող խոսել հանքի շահագործման մասին, Մհեր Գրիգորյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես նշեցի, որ բնապահպանական հարցը կարևորագույններից մեկն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում