Սահմանադրական դատարանի որոշմանը կանդրադառնանք, երբ կլինի որոշման եզրափակիչ հատվածը. Վարդևանյան

Սահմանադրական դատարանի որոշմանը կանդրադառնանք, երբ կլինի որոշման եզրափակիչ հատվածը. Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովը որպես պատասխանող ներկայացրել է իր դիրքորոշումը, նաև դիրքորոշում է ներկայացրել ՀՀ կառավարությունը, որոնք միմյանցից տարբերվում են: Լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ում Քոչարյանի կալանքի սահմանադրականության հարցի շուրջ Ազգային Ժողովի և Կառավարության դիրքորոշմանը:

Հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ ՍԴ-ն ի՞նչ որոշում կկայացնի, հնարավո՞ր է ՍԴ որոշմամբ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, Վարդևանյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ մենք Սահմանադրական դատարանի որոշմանը կանդրադառնանք: Կանխատեսումները, կարծում եմ, իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք է և ոչ արդյունավետ` նաև, այս պարագայում, հանրությանը տեղեկատվություն հասցնելու տեսանկյունից»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Փաստաբանի խոսքով՝ երբ կլինի որոշման եզրափակիչ հատվածը, այդ ժամանակ կկարողանա պատասխանել հարցերին:

Նա նշեց նաև, որ քննարկման այս տևողությունը բոլորովին նորմալ է. «Պետք է հաշվի առնել մեկ հանգամանք, որ բավական ծավալուն դիմում է ներկայացվել մեր կողմից, բավականին լուրջ հարցադրումներ ենք բարձրացրել և դրանք, իհարկե, իրենցից ենթադրում են պատշաճ գնահատական. կարծում եմ՝ երկար տևելու պատճառը դա է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում