Արցախում տոնել են Որոտանի (Ղուբաթլու) ազատագրման 26-ամյակը

Արցախում տոնել են Որոտանի (Ղուբաթլու) ազատագրման 26-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքում տոնել են քաղաքի (նախկինում՝ Ղուբաթլու) ազատագրման 26-րդ տարեդարձը։

Տոնական միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը, Որոտան համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը, Որոտանում տեղակայված N զորամասի սպայակազմը, շրջակա համայնքների ղեկավարները, ինչպես նաև բնակիչներ և հյուրեր։

Ծանոթություն. Որոտան համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ նախկին Ղուբաթլու քաղաքի տարածքում առկա զինավանի, Ալիղուլուուշաղի, Բախտիյարլու, Դավուդլու, Մազրա գյուղատեղիների հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 270 մարդ։

Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել խաչքար-հուշարձանի մոտ, ինչից հետո հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը։ Դրանից հետո ելույթով և աղոթքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանը։ Վերջինս հիշատակել է Հայկ նահապետի առասպելը, որ սեփական ժողովրդի ազատության համար զենք է վերցրել՝ ընդդեմ բռնակալների։ «Ազատության շունչն է, որ կենդանություն է տալիս․ չկա դեպի ազատություն քայլք, չի ապրում մարդը, չկա ազատություն հողատարածքի մեջ, չի ապրում հողը։ Գերի է հողդ, գերի ես դու, օրհնված է հողդ, օրհնված ես դու»,- ճառել է Հրայր սարկավագը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում