Ադրբեջանցի քնած վարորդը բախվել է 4-5 մեքենայի, մեր վարորդը հնարավորինս խուսափել է, բայց ետևից հարված է եղել. GM Smile Tour–ի աշխատակից

Ադրբեջանցի քնած վարորդը բախվել է 4-5 մեքենայի, մեր վարորդը հնարավորինս խուսափել է, բայց ետևից հարված է եղել. GM Smile Tour–ի աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի ենթարկված՝ Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը պատկանել է GM Smile Tour ընկերությանը: «Մեր վարորդը մեղք չունի, կա տեսանկարահանում, որ ուրիշ մեքենա է խփել մեր վարորդին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց GM Smile Tour ընկերության աշխատակցուհին:

Նա նշեց, որ վթարի ենթարկված մեքենաներից մեկի ադրբեջանցի վարորդը քնած է եղել և բախվել 4-5 մեքենայի, ինչի հետևանքով միայն հայերը չէ, որ վիրավորվել են: «Վարորդի կողքը նստած հաճախորդները նշում են, որ վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել վթարից, հարվածից: Դիմացից եկող մեքենան մեծ արագությամբ հանդիպակած գոտի է դուրս եկած եղել, վարորդը հնարավորինս խուսափել է, բայց ետևից հարված է եղել»,-ասաց աշխատակցուհին:

Նա նշեց, որ իրենց ընկերությունում սպրինտերները մեկ վարորդով են երթևեկում, ավտոբուսները` երկու վարորդով: «Հայաստանի ոչ մի ընկերություն լիցենզիա չունի: Մեր ընկերությունը զբաղվում է Հայաստանից տուրիստների տեղափոխմամբ, իսկ նման ծառայության համար լիցենզիա, որպես այդպիսին, նախատեսված չէ, մենք պայմանագրով ենք աշխատում հյուրանոցների հետ և այս դեպքում դիտվում է որպես տուրիստների տեղափոխում»,-ասաց նա և նշեց, որ 2011 թվականից գործում են:

Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 7 ՀՀ քաղաքացի: Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս գրվեցին հիվանդանոցից։

Հեղինակ՝ Լիանա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում