ՌԴ այցից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ՌԴ այցից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Սույն հարցի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրկին շեշտել են, որ շահագրգռված են փոխադարձ շրջանառության աճի և այդ ցուցանիշը 100 մլրդ դոլարի հասցնելու հարցում:

«ԱՄՆ-ի հետ համաձայնությունը՝ Եփրատից արևելք ընկած հատվածը մաքրելու և անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ճիշտ քայլ է: Ստեղծվել է համակարգող կենտրոն, և շուտով կսկսվեն համատեղ հերթապահությունները։ Բայց մենք թույլ չենք տա ձգձգել գործընթացը, ինչպես դա տեղի է ունենում Մանբիջի հարցում»,- այս մասին էլ Էրդողանն ասել է Մոսկվա կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա Սիրիայի արևելքը վերածել շրջանի, որտեղ կգտնվեն քրդական կազմավորումները:

«Այժմ մեր ամբողջ սահմանի երկայնքով ամեն ինչ պատրաստ է, բոլորն իրենց տեղերում են՝ անձնակազմը, զրահատեխնիկան։ Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի։ Մեզ համար այնտեղ խնդիրներ չկան»,- հավելել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Մանբիջում, որի շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի վաղ համաձայնեցրել էին քրդական կազմավորումների դուրսբերման ճանապարհային քարտեզը, քրդական կազմավորումներն «այժմ փորձում են խարդախել՝ ասելով, թե դուրս են եկել, բայց ոչ ոք դուրս չի գալիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում