ԱԺ աշխատակազմի ղեկավարի և տեղակալների իրավական անգրագիտության պատճառով բյուջեի զգալի վատնում է եղել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի և տեղակալների իրավական անգրագիտության պատճառով բյուջեի զգալի վատնում է եղել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱԺ նախագահը երեկ հաստատեց իմ բոլոր պնդումները, որ իսկապես, ԱԺ աշխատակազմի կողմից մասսայաբար խախտվել են աշխատողների իրավունքները՝ առանց օրինական հիմքի հեռացնելով նրանց աշխատանքից. Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը:

Բաբայանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել և հրապարակել է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաաննախադեպ, իրավական առումով ամենախայտառակ կարգադրությունը:

Նշենք, որ ստորագրված կարգադրությամբ անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա և Կ-226-Ա կարգադրությունները, որոնցով Ազգային ժողովի աշխատակազմում նախատեսվում էին կառուցվածքային փոփոխություններ և կադրային կրճատումներ:

Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ դեռևս 20 օր առաջ ինքն աղմուկ էր բարձրացրել և ասել, որ ԱԺ աշխատակիցների աշխատանքային իրավունքները մասսայաբար ոտնահարվում են, որն ուղղակի անտեսել են կամ փորձել ցույց տալ, որ չկա այդպիսի բան:

Բաբայանը նշեց, որ առնվազն երկու պատճառով են այդ կարգադրությունները խայտառակ. «Առաջինը, որ անվավեր են ճանաչվում մի շարք իրավական ակտեր և ՀՀ-ում անվավեր ճանաչված այս մասշտաբի փաստաթղթեր դժվար կարողանանք գտնել: Երկրորդ առումով՝ եթե նայում ենք նախաբանը, տեսնում ենք, որ ինչ-որ շարադրության ձևով նշել են, թե հաշվի առնելով, որ 2017թ-ից մինչ օրս մի շարք բաներ են արվել և այլն և այլն… դա իրավական լեզու չէ, իրավականին հարիր տեքստ չէ և այս առումով շատ խոցելի է»,-ասաց նա

«Այսինքն՝ անվավեր ճանաչվում են այն ակտերը, որոնք խախտում են մարդու իրավունքները»,-ասաց նա:

«Երբ ես մանրամասն, հատ-հատ ներկայացնում էի, որ այսպես չի կարելի, այնպես չի կարելի և ով սրա հետևում կանգնած է՝ պետք պատասխան տա կամ առնվազն պետք է հեռացվի աշխատանքից, 20 օր տևեց: Իսկ 20 օրում ունեցանք իրավիճակ, երբ այլևս ԱԺ նախագահի կարգադրությունները ստեղծում են այլ լրացուցիչ խնդիրներ, որովհետև 20 օրում այդ մարդիկ իրենց կյանքն են դասավորում, մի մասը գնացել է «արձակուրդ»՝ իմանալով որ աշխատանք չունի, մի մասն այլ աշխատանքի է անցել»,-նշեց նա:

Արսեն Բաբայանը նշեց, որ ընդհանուր կրճատումները 93 աշխատողի էր վերաբերում, բայց նաև կան մարդիկ, որոնք պաշտոնների նշանակվել են՝ այս մարդկանց ազատելու հիմքով. «Հիմա այդտեղ էլ ունենք հարցեր՝ այն մարդիկ, ովքեր ընդունվել են աշխատանքի, բա իրենց ազատումը ինչպե՞ս է լինելու: Այս ամեն ինչի մեջ վերջնական արդյունքում ունենք բյուջեի զգալի վատնում՝ կրկնակի աշխատավարձեր, այսինքն՝ նրան, ում ազատել ես, ռեզերվի գումար ես տալիս նրան, ում ընդունել ես, դու պետք է տաս իրան աշխատավարձ, իսկ թե ինչի համար՝ պարզվում է զուտ իրավական անգրագիտության պատճառով: Սրան ո՞վ պետք է պատասխան տա»,-ասաց նա:

Ըստ այդմ էլ, Բաբայանի համոզմամբ՝ ԱԺ նախագահն այս կարգադրությունը ստորագրելուց առաջ առնվազն պետք է նշանակեր աշխատակազմի ղեկավարին ու նրա տեղակալներին, ինչպես նաև նրանց, ովքեր առնչություն են ունեցել այս գործընթացի հետ՝ ի պաշտոնե համաձայնություններ տալով աշխատանքից հեռացնելու կարգադրությունը:

«Դրանից հետո պետք է հնարավոր լիներ նոր աշխատակազմի ղեկավարի կազմ ձևավորել, և այդ նոր կազմը փորձեր հին աշխատողների հետ խնդիրները լուծել, որովհետև պատկերացրեք, եթե այս աշխատակազմի ղեկավարն իր տեղակալներով, որոնք մասսայաբար խախտել են այդ աշխատողների իրավունքները, հիմա փաստորեն այդ մարդիկ, որոնք վերականգնվել են իրենց պաշտոններում՝ գնան, նորից աշխատեն, իրե՞նց հետ ինչպես աշխատեն, երբ աշխատակազմի նպատակը հասկանալի է՝ այս մարդկանց հեռացնելն է: Հիմա ի՞նչ պետք է անեն, այդ հրամաններն անօրինական անվավեր ճանաչեն, կանչեն աշխատանքի ու նորից մի քանի օրից նույն հրամանները տան՝ փորձելով իրավական տեխնիկական պահե՞ն»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում