Հավաքվելու են 1991-ից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրություններում խախտումների վերաբերյալ փաստեր

Հավաքվելու են 1991-ից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրություններում խախտումների վերաբերյալ փաստեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի անցումային արդարադատությանը վերաբերող բաժնում նշվում է, որ հավաքվելու են 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների, ինչպես նաև հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր:

Անցումային արդարադատության գործիքակազմը նախատեսվում է իրագործել նաև հետևյալ շրջանակում՝ Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, սեփականազրկումների այլ դրսևորումներ, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ:

Դիտարկվելու են խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները տրամադրվելու են իրավապահ մարմիններին:

«1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը»,- ասվում է նախագծում:

Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը լինելու է ստացված տեղեկությունների ամփոփումը զեկույցի մեջ: Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում