«Քաղաքական դադարը» խիստ հարաբերական է. Արցախի նախագահի խորհրդական

«Քաղաքական դադարը» խիստ հարաբերական է. Արցախի նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, 1in.am: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, վերջին մեկ տարում ներքաղաքական իրադարձություններն Արցախում հաճախակի ակտիվ բնույթ են կրում: Ինչպիսի՞ն է այս փուլում ներքաղաքական վիճակը, ի՞նչ նոր իրադարձություններ են սպասվում:

– Վերջին մեկ տարվա ընթացքում իրադարձություններն Արցախում զարգանում են 2020 թվականին սպասվող համապետական ընտրությունների տրամաբանության մեջ: Ակտիվ քաղաքական գործընթացները հիմնականում դրանով են պայմանավորված:

Ներկայումս Արցախում ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանն է, մեծ թվով համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, ակտիվ քարոզարշավ է ընթանում:

– Ընտրությունների համատեքստում շատ է խոսվում Արցախում օրինական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ավելին՝ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 33 մլն դրամ գումար հատկացրեց երկու կազմակերպությունների, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու Արցախում:

– Անկեղծորեն զարմացած եմ, որ մի շարք դեպքերում շահարկվում է Արցախում կայացած նախորդ ընտրությունների օրինականության հարցը կամ միտումնավոր փորձ է կատարվում հարցականի տակ դնել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացները: Այս թեմայի շուրջ վերջին շրջանում նաև ոչ կոռեկտ ձևակերպումների եմ հանդիպում:

Այն մարդիկ, ուժերը, որոնք կարծում են, որ մինչ այս պահը Արցախում կայացած ընտրությունները խնդիր են ունեցել օրինականության հետ, կա՛մ չեն ճանաչում Արցախը, կա՛մ նվազագույնը ծանոթ չեն վերջին տասնամյակների արցախյան անցուդարձին:

Արցախի իշխանությունն օրինական ընտրությունների անցկացման առաջին շահագրգիռ կողմն է, դրա պատասխանատուն և այս տարիների ընթացքում կամք ու վճռականություն է դրսևորել բոլոր մակարդակի ընտրությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

– Ինչպիսի՞ն է այս պահին ՏԻՄ ընտրությունների ընթացքը:

– Գործընթացներն իրենց հունով են ընթանում, առանձնապես խնդիրներ չկան: Ձևավորված միջավայրը թույլ է տալիս պնդելու, որ դրանք սահուն ընթացք կունենան:

– Նախագահական ընտրություններին դեռ 7 ամիս ժամանակ կա, սակայն հիմնական թեկնածուները կարծես հայտնի են: Այս շրջանում քաղաքական ուժերը դադարի փուլում են, արդյոք սպասելի՞ է, որ թեժ իրադարձություններ ունենանք Արցախում:

– Օրենքով սահմանված կարգով առաջադրվելու իրավունք ունեցող և մինչ այժմ իրենց մտադրությունների մասին հայտնած թեկնածուները երկար տարիներ մի թիմում աշխատել են, կա ձևավորված աշխատանքային, գործընկերային մթնոլորտ, հարգանք:

Այս պարագայում կարծել, թե ինչ-որ մեկը կարող է գնալ այնպիսի քայլերի, ինչը կթեժացնի իրավիճակը, մի տեսակ անհավատալի է: Էլ չեմ ասում, որ Բակո Սահակյանը եղել և մնում է մեր երկրում կայունության ու հավասարակշռության ապահովման թիվ մեկ շահագրգիռ կողմը, և ցանկացած գործընթաց, ինչը կարող է վտանգ առաջացնել դրա ապահովման համար, նախագահն օրենքով ամրագրված իր լիազորությունների շրջանակներում այդ ռիսկերը կչեզոքացնի:

Ինչ վերաբերում է «քաղաքական դադարին», ապա դա խիստ հարաբերական է: Ընտրություններին ընդառաջ՝ յուրաքանչյուրն իր ռազմավարությունն է կառուցում, թիմերը վերակառուցում, լուսաբանվող ու չլուսաբանվող հանդիպումներն անցկացնում:

Արցախում բոլորը բոլորին լավ գիտեն, այստեղ կուլիսային խարդավանքները, ինտրիգները, «դավադրապաշտական գործողությունները», բռնությունները չեն աշխատում: Ով սա լավ չի հասկանում, շատ ավելի վատ՝ միանգամից ձախողվելու է, էլ չեմ ասում, որ լուրջ խնդիր է ունենալու իրավապահ մարմինների հետ:

Ինչևէ, ես հույս ունեմ, որ մենք այս փուլը ևս պատվով կհաղթահարենք՝ ապահովելով քաղաքական գործընթացների սահունությունն ու տրամաբանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում