Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ

Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օրերս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի պետական պարտքի մասին: Նախարարը վստահեցրեց. պետական պարտքի մասով 2020թ.-ը շատ չի տարբերվի 2019թ.-ից: Ջանջուղազյանը միևնույն ժամանակ զգուշացրեց, որ անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, սակայն հուսադրեց, որ դա դեռևս չի նշանակում, թե կավելանա պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Հարցի շուրջ Times.am-ի լրագրողը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

– Փաստացի հայտարարվեց, որ պետական պարտքը կավելանա: Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը:

– Պետական պարտքի ինստիտուտն աշխարհում ընդունված պրակտիկա է և առհասարակ դեմ եմ պետական պարտքի աճող թվերից արվող բացասական հետևություններին, հատկապես եթե խոսքը վերաբերում է արտաքին պետական պարտքին: Ինչպես գիտենք նախարար Ջանջուղազյանը խոսել է հենց դրա մասին: Ասեմ ավելին, աճող արտաքին պետական պարտքը նաև որոշակիորեն ցուցիչ է տվյալ երկրի վճարունակության, գործընկերների կողմից ընկալելիության ու վստահության մասին և ի վերջո, ենթադրում է երկրի ներսում որոշակի զարգացումների ապահովում, որոնց նպատակուղղված են վարկային միջոցները: Զարմանալի ոչինչ չկա, բացառությամբ միայն այն հանգամանքը, որ ներկայիս իշխանություններն էլ փաստորեն աճեցնում են ՀՀ պարտքը:

– Ինքներդ եք ասում՝ բնականոն գործընթաց է:

– Ես՝ այո ասում եմ, բայց ներկայիս իշխանության ներկայացուցիչները դեռևս ըդդիմադիր դիրքերից բազմիցս են խոսել այդ երևույթի մասին բացասաբար, քննադատաբար, համարելով այդ գործընթացն ազգադավ և այս պարագայում սպասելի էր, որ ինչ-որ եղանակի են տիրապետում, որով կարելի է խուսափել, կրկնում եմ, ըստ իս շատ բնականոն գործընթացից: Բայց արի ու տես, որ չունեն ներկայիս իշխանությունները ոչ մի նոր եղանակ, նույնիսկ՝ վստահեցրած կախարդական փայտիկը չկա: Այսինքն իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել:

– Նախարարը վստահեցրեց, որ քայլեր են արվում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնելու ուղղությամբ:

– Պարտք –ՀՆԱ հարաբերակցությունն այն ցուցանիշներից է, որով որոշվում է՝ հատե՞լ է արդյոք պետական պարտքը վտանգի շեմը, թե՝ ոչ: Այս իմաստով նշեմ, որ նախորդ տարիներին այդ հարաբերակցությունը եղել է թույլատրելի շեմում՝ պակաս, քան ՀՆԱ 60% -ը: Հիմա, խոսելով պարտք/ՀՆԱ տարբերության կրճատման մասին, փաստորեն պետք է ի նկատի առնենք ՀՆԱ ցուցանիշի աճը, քանի որ նախարարն ինքն ասաց, որ պարտքի անվանական աճ կլինի: Իսկ դա կրկին տնտեսության բնականոն գործընթաց է և տնտեսական աճի մյուս կարևորագույն ցուցիչների հետ, ՀՆԱ-ն անընդհատ ենթարկվում է աճի: Հարցն այստեղ նրանում է, թե որքան կլինի պետական պարտքի և ՀՆԱ աճի արագությունների տարբերությունը ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը շահեկան դիրքերում պահելու համար:

Մյուս կողմից պետական պարտքի կառավարելիության մասին խոսում են նաև այլ ցուցանիշներ՝ օրինակ արտաքին պարտքի սպասարկում/ բյուջետային եկամուտներ հարաբերակցությունը կամ արտաքին պարտքի սպասարկում/ արտահանում հարաբերակցությունը: Սրանց մասին քիչ է բարձրաձայնվում, սակայն սրանք ևս ցուցանիշներ են, որոնցից կարելի է եզրակացություն անել՝ պետությունը ճի՞շտ պարտքային քաղաքականություն է վարում, թե՞՝ ոչ: Կապրենք, կտեսնենք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում