Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել

Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել են հուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նորընծա քահանաներին` հավաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նվիրյալ հովվական ծառայությունը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամներն ու խրատները:

Մար Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ արդյունավոր և բարեհաջող սպասավորության երաշխիքը Եկեղեցու զավակների նկատմամբ հոգևորականի ունեցած սերն է, հովվական խնամքը, պատասխանատվությունն ու անվերապահ նվիրումը իրեն վստահված համայնքի հանդեպ:

Հայոց Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել հովվական կյանքում հանդիպող դժվարություններից և խնդիրներից, այլ հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ հաղթահարել դրանք՝ արգասաբեր դարձնելով հոգևոր սպասավորությունն իրենց վստահված համայնքներում: Վեհափառ Հայրապետը պատգամել է ամուր մնալ իրենց կոչման մեջ և հանձնառու ոգով, աստվածասեր, բարեպաշտ և հայրենանվեր ծառայությամբ էլ ավելի բարձրացնել Հայոց Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Առաջիկա օրերին քահանա հայրերը Նորին Սրբության օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայոց Եկեղեցու տարբեր կառույցներում և աշխարհասփյուռ թեմերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում