«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»

«Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն»

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Արայի լեռան ստորոտում տեղի ունեցած հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: ԱԻՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ. Կոտայքի մարզի տարածքում այրվել է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Արայի լեռան տարածքում իրականացվում է հետախուզություն՝ ծխացող օջախները հայտնաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար։

Էդմոն Զարգարյանը նշեց, որ վերջին շրջանում հանրապետությունում հրդեհների թիվը կտրուկ աճել է, եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են մեծ չափերի:

Նրա խոսքով՝ այստեղ բոլորն անելիք ունեն. «Եթե խոտը չորանում է, բնականաբար, այրման հավանականությունը մեծանում է։ Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն և տեղափոխեն։ Եթե հողը խոնավ եղավ, այդ խոնավությունը չի թողնի, որ հրդեհն արագ տարածվի»։

Բացի այդ, ըստ մամուլի քարտուղարի, ոստիկանությունը պետք է հայտնաբերի միտումնավոր խոտը այրողներին. «Մեկ սիգարետի պատճառով կարող է հսկայական տարածք այրվել։ Ի վերջո պատասխանատվություն պետք է լինի՞, թե ոչ»։

Մամուլի քարտուղարը հայտնեց, որ մայրաքաղաքում փրկարարաներն իրականացնում են օպերատիվ հերթապահություն, սակայն ոստիկանությունն էլ իր հերթին պետք է հսկողություն իրականացնի, միայն մեկ կառույցի աշխատանքով հնարավոր չէ արդյունքի հասնել։

Էդմոն Զարգարյանն անդրադառնալով ԱԻ նախարարի հրավիրած արտահերթ նիստին՝ ասաց, որ նախարարը զգոնության կոչ է արել. «Իրավիճակը լուրջ է, պետք է մի աղետ լինի, որ զգաստանանք․ Սա միայն ԱԻՆ-ի գործը չէ, բոլորս պետք է մեր տեղերում լինենք, հնարավոր բոլոր միջոցները պետք է ձեռնարկենք՝ հնարավոր աղետից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները:

Նախարարը հայտնել էր, որ օգոստոսի 20-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 6796 հրդեհ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4340-ի դիմաց: Երևանում էլ հրդեհների թիվն ավելացել է շուրջ 1000-ով:

Նախարար Ցոլակյանը նշել էր, որ այս թվերը պետք է զգաստացնեն հասարակությանը, իսկ պատկան մարմիններին ստիպեն աշխատել առավել կազմակերպված:

Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը շեշտել էր, որ ԱԻՆ-ը աղետներին վերաբերող բոլոր դեպքերում ունի ֆունկցիոնալ գործառույթ, բայց մյուս գերատեսչությունները պետք է բարձր արդյունավետությամբ աշխատեն նույն նպատակադրումով, որով էլ պայմանավորված է աշխատանքային խմբի ստեղծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում