Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում:

Թուրքիայում 18-34 տարիքային խմբի բնակչության 31 տոկոսը կիսատ է թողնում ուսումը: Այս ցուցանիշը Եվրոպայում վատագույնն է: Եվրամիության երկրների միջինացված ցուցանիշն այս ոլորտում 10.6 տոկոս է:

Թուրքիայի բնակչության 36.6 տոկոսը անապահովության պատճառով բնակվում է կտուրը կաթացող, պատերը, հատակը կամ հիմքը խոնավացող տներում: Եմ-ում այս ցուցանիշը 13.3 տոկոս է:

Թուրքիայի բնակչության 41.3 տոկոսը չքավորության կամ անապահովության ռիսկային գոտում է: Կրկին ԵՄ երկրների շարքում Թուրքիայի նշյալ ցուցանիշը վատագույնն է: Եմ-ի միջինացված ցուցանիշը 22.4 տոկոս է:

Թուրքիայում գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների համար պետության կողմից հատկացվող գումարը մեկ շնչի հաշվով կազմում է 0.8 եվրո: ԵՄ-ի երկրներում այս ցուցանիշը 6.3 եվրո է:

Թուրքիայում նախակրթարաններ է հաճախում համապատասխան տարիքի բնակչության 54.7 տոկոսը: Այս ցուցանիշով երկիրը Եվրոպայում 2-րդն է Հյուսիսային Մակեդոնիայից (39.5) հետո: ԵՄ երկրների միջինացված ցուցանիշը 95.4 տոկոս է:

Երկրի բնակչության 15-29 տարիքային խմբում ո՛չ աշխատող, ո՛չ էլ որևէ ուսումնական հաստատությունում սովորողների թիվը կազմում է 27.6 տոկոսը: ԵՄ-ի միջինացված ցուցանիշը 12.9 տոկոս է: Այս ցուցանիշով Թուրքիան 2-րդն է եվրոպական երկրներ շարքում:

Թուրքիայում աշխատում է 20-64 տարիքային խմբի կին բնակչության 35.2 տոկոսը, ինչը նույնպես վատագույն ցուցանիշն է, քանի որ ԵՄ երկրների միջինացված ցուցանիշը 67.4 տոկոս է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում