Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սեպտեմբերի 1-13-ը կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մեր օրերի լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին։ Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները ներառող համերգները կանցկացվեն Երևանում, Ստեփանակերտում և Գյումրիում։

Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։

Հինգ համերգների ընթացքում կհնչեն Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։

Սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բացօթյա համերգով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի՝ հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի կամերային երաժշտությունը, որն ունկնդրին կմատուցեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թավջութակահար Անյա Լեխների, ջութակահար Անուշ Նիկողոսյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Իսկ սեպտեմբերի 13-ին մանսուրյանական փառատոնը կեզրափակվի խորհրդանշական մի վայրում՝ Գյումրու Սև բերդ հուշարձանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում