«Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել

«Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Change.org հարթակում ստորագրահավաք է մեկնարկել՝ «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու» դիմում-պահանջագրով։

Դիմում-պահանջագրում ասված է.

«Ստորագրե՜նք և տարածե՜նք այս դիմում-պահանջագիրը։ Կշեռքի նժարներին են դրված մի կողմից Ամուլսարում ոսկու շատ կասկածելի պաշարներից իբր թե սպասվող եկամուտները, իսկ մյուս կողմից մեր քաղցրահամ և հանքային ջրերի կարևորագույն պաշարների անվտանգությունը՝ Սևանա լիճ, Ջերմուկ, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներ, Որոտան, Արփա և Դարբ գետեր։

Հայաստանի Հանրապետության նախորդ ոչ լեգիտիմ վարչակազմը, միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ՝ տեղի չտալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին, դիմադրությանն ու բողոքներին, առաջ է մղել բուժիչ հանքային ջրերով հայտնի, առողջարանային և ընտանեկան հանգստի եզակի վայր համարվող Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։ Այսօր Հայաստանում արդեն իսկ փոխվել է կառավարությունը, ուստի մեր պահանջը հղում ենք նոր կառավարությանը:

Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությունը նախատեսել է ընդամենը 10 տարվա ընթացքում.

ապականել Ջերմուկի միջավայրն ու տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերած հայտնի առողջարանային կենտրոնի իր համբավը,
հանքի թթվային ապարների դրենաժի արդյունքում վտանգել Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի խոշորագույն պաշար հանդիսացող Սևանա լիճը, ինչպես նաև Որոտան և Արփա գետերի ավազանները՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների հետ միասին,
վերացնել եզակի և վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների բնակատեղի ու էկոմիգրացիայի միջանցք համարվող Ամուլսարն՝ իր Արտավազդ, Տիգրան և Էրատո գագաթներով,
ոչնչացնել Վայոց Ձորի զբոսաշրջային ու գյուղատնտեսական ներուժը,
խաթարել Ջերմուկի սոցիալական հյուսվածքը, զրկել կանանց զբոսաշրջային, առողջապահական և գյուղատնտեսական ոլորտում ներկայիս աշխատանքից ու մղել նրանց սեռական շահագործման շուկա,
անուղղակիորեն տեղահանել Գնդեվազ գյուղը, որից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսված է տեղադրել 120 հեկտար տարածք զբաղեցնող թունավոր ցիանիդի միջոցով ոսկու տարալվացման հարթակը՝ վերջում Հայաստանին «ընծայելով» ծանր և վտանգավոր մետաղներով հարուստ 100 միլիոն տոննա թունավոր թափոն։

Այս և փորձագետների կողմից բազմիցս նշված ու հաստատված շատ այլ աղետաբեր պատճառներով մենք՝ Հայաստանի և Երկիր մոլորակի էկոլոգիայով մտահոգ և առողջ միջավայրում ապրելու մեր իրավունքը պաշտպանող քաղաքացիներս, Հայաստանի կառավարությանը, բնության և ներկա ու ապագա սերունդների գոյատևման հաշվին դրամական շահ ստացող հանքարդյունաբերողներին ուղղում ենք մեր հստակ ուղերձը՝ «Ո՛Չ ՄԻ ՆՈՐ ՀԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ ՀԱՆՔ ՉԻ՛ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼՈՒ»:

Հայաստանի նոր կառավարությունից ևս պահանջում ենք վերանայել բնապահպանական հիմնավոր գնահատում չանցած և օրենքի ակնհայտ խախտումներով տրված թույլտվությունները և անհապաղ դադարեցնել այս գործընթացը։

Համաշխարհային Բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) պահանջում ենք դադարեցնել հանքի շահագործման համար խոստացված ֆինանսավորումը և ձերբազատվել օֆշորային գոտում գրանցված և որևէ հանքարդյունաբերական փորձ չունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության բաժնետոմսերից։ Նույնը պահանջում ենք նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD)։

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներով զբաղվող Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերություններից պահանջում ենք հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ֆինանսավորումից։

Մենք հաստատակամ ենք մեր պահանջներում և թույլ չե՛նք տալու Հայաստանի հերթական հանքարդյունաբերական ավերն ու էկոլոգիական, տնտեսական և կենսական այս սպառնալիքի իրագործումը։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։

Ամուլսարի հանքի ծրագրի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ՝
http://www.armecofront.net/lrahos/amulsar/
http://ecolur.org/hy/news/amulsar/

Այս ստորագրահավաքը տարածելու համար կարճ հղումը՝ այստեղ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում