Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը

Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։

ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է առկա փոխգործակցության շարունակության կարևորությունը, և հաստատել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Կարմիր Խաչի գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում