«Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ

«Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Կառավարության այսօրվա նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրեց Ամուլսարի շահագործման մասով Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբի եզրակացությունը։

Հայկ Գրիգորյանն առանձնացրեց 3 կարևոր կետ. «Ըստ էության եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև ևս որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցենտրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բացի այդ, կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն»,- ասաց Քննչական կոմիտեի նախագահը։

Նա նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը հնարավոր է Որոտան, Արփա գետերի վրա, սակայն եթե «Լիդիան» ընկերությունը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի:

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ «Լիդիան»-ը երեկ ծանոթացել է եզրակացության հետ, իսկ նախաքննության ընթացքում ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ և աշխատել են ELARD ընկերության փորձագետների հետ։

Ըստ նրա՝ «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել, 10-ն արդեն իսկ կիրառվում է, 5-ն էլ պատրաստ են ապագայում կիրառել։

«Մեկ մեղմման միջոցը դեռ քննարկվում է։ Համաշխարհային բանկից «Լիդիան» ընկերությունը գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի իր գործունեությունը IFC ստանդարտին, որով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն։ ELARD-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որն առաջարկում է մեղման միջոցները կիրառել 500 տարի։ «Լիդիան»-ի փորձագետները չեն հրաժարվում 100 տարուց ավելի մեղմման միջոցներ կիրառել, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության։

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև քրեական գործին՝ նշելով, որ ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել՝ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցվել է Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ հիմք չկա որևի մեկին քրեական հետապնդման ենթարկելու համար։

Նիկոլ Փաշինյանի հարցին՝ գործը կարճվելո՞ւ է, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Որոշման վրա աշխատում ենք, այս փուլում մեղադրանք առաջադրելու և հետապնդման ենթարկելու հիմք չկա։ Այո՛, գործի քննության ուղղվածությունը դա է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում