Քոչարյանի պաշտպաններն արդեն 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ (Տեսանյութ)

Քոչարյանի պաշտպաններն արդեն 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել դատարան իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանը, սակայն, մինչ այժմ չի քննել ներկայացված միջնորդությունը, մինչդեռ ըստ օրենքի, դատարանը միջնորդությունը քննում է ներկայացնելուց անմիջապես հետո։

«Մենք արդեն այդ կապակցությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թվով յոթերորդ գանգատն ենք ներկայացրել և այդ գանգատի առարկան է արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը։ Բացի այդ, մենք որոշել ենք պարբերաբար ներկայացնել ՄԻԵԴ-ին, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը չի քննվում», – ներկայացրեց Ալումյանը։

Նրա փոխանցմամբ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի պատճառաբանությունն այն է, որ գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են մեկ այլ քրեական գործի շրջանակներում, իսկ մեկ այլ դատավորի Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դեռ մակագրված չէ։

«Սա օրենքից ու Եվրոպական կոնվենցիայից չբխող պատճառաբանություն է։ Հուսով ենք Եվրոպական դատարանից լսել տեսակետ այս հարցի կապակցությամբ», – նշեց Ալումյանը։

Քոչարյանի փաստաբանը նաև անդրադարձավ Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից մի շարք օրենքներում Արդարադատության նախարարության նախաձեռնած փոփոխություններին ու հայտարարեց, որ այդ փոփոխություններով շահագրգռում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական տալ ժամկետից շուտ։

Ալումյանը կարծում է, որ այս նախաձեռնությունը բխում է Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի շուրջ զարգացումներից։

«Այդ նախաձեռնությունն ուղղակիորեն նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված Սահմանադրական դատարանում ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ այդ գործով Սահմանադրական դատարանը չիրականացնի արդարադատություն», – ասաց Ալումյանը։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով առաջարկվում է, որ եթե 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորը հրաժարական տա, մինչև իր պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակի աշխատավարձ, հավելավճար ստանալ։ Հնչած տարբեր քննադատություններին ի պատասխան, արդարադատության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել՝ հրապարակելով եվրոպական մի քանի երկրների փորձը, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկա, օրինակ՝ Հունգարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Դանիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում