Կասպյան ավազանի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ ՌԴ-Ադրբեջան տարաձայնությունները կարող են մեկ այլ հարթությունում կոմպենսացիայի հարց առաջացնել. փորձագետ

Կասպյան ավազանի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ ՌԴ-Ադրբեջան տարաձայնությունները կարող են մեկ այլ հարթությունում կոմպենսացիայի հարց առաջացնել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Թուրքմենստանում ավարտվեց Կասպյան տնտեսական ֆորումը, որի ընթացքում Կասպյան ավազանի հինգ երկրները քննարկում էին ավազանի ռեսուրսների օգտագործման հարցը: Քննարկումների օրակարգում կարևորագույն հարցերից հանդիսացավ դեպի Եվրոպա թուրքմենական գազի տարանցումն ավազանի տարածքով, ինչի շուրջ զրուցել ենք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

Փորձագետի կարծիքով, այս հարցի շուրջ զարգացումները հետևողական ուսումնասիրության կարիք ունեն: «Բանն այն է, որ ֆորումի ժամանակ ԵՄ Միջին Ասիայի ներկայացուցիչ Պետեր Բուրիանը հայտարարեց, որ վերսկսում է բանակցությունները Թուրքմենստանի հետ Տրանսկասպյան գազամուղի կառուցման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով՝ «թուրքմենական գազը Եվրոպա տեղափոխելու համար»:

Եվրամիության ներկայացուցչի հայտարարությանն անմիջապես հաջորդեց իրանյան National Gas Company ընկերության ներկայացուցչի գնահատականը, համաձայն որի Կասպից ծովով գազամուղի անցկացումն անթույլատրելի է բնապահպանական նկատառումներով: Իրանն այս ծրագրի փոխարեն առաջարկում է դեպի եվրոպա գազի տարանցումն իրականացնել իր ենթակառուցվածքների միջոցով: Ռուսաստանի Դաշնությունը ևս գազամուղի կառուցման կողմնակիցը չէ: Ֆորումի ժամանակ ՌԴ վարչապետ Մեդվեդևը խոսել է Կասպյան ավազանի ռեսուրսների՝ առավելապես զբոսաշրջային նպատակներով օգտագործման պոտենցիալի մասին՝ նշելով, որ ցանկացած ծրագիր պետք է ավազանի հինգ երկրների մասնակցությամբ ենթարկվի բնապահպանական փորձաքննության»:

Հարցին, թե ինչպիսին է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի շուրջ, փորձագետը պատասխանեց. «Ադրբեջանը, բնականաբար, նախագծի կողմնակիցն է նախ շատ լավ գիտակցելով տարածաշրջանային նման մեծ պրոյեկտին մասնակցության կարևորությունը, մյուս կողմից ելնելով այն պարզ տնտեսական հաշվարկից, համաձայն որի այդ երկրի կողմից կատարված հսկայածավալ ներդրումները Տրանսանատոլիական գազամուղի ենթակառուցվածքում (TANAP) հնարավոր է կոմպենսացնել այս եղանակով:
Համաձայն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի, Կասպից ծովի ավազանի հետ կապված ցանկացած նախագծի իրականացումը հնարավոր է բացառապես ավազանի անդամ բոլոր հինգ պետությունների համաձայնության պարագայում, իսկ սա նշանակում է, որ ցանկալիին հասնելու համար երկրների միջև բազմակողմ ու երկկողմ բանակցություններն այս հարցի շուրջ դեռ երկար կշարունակվեն: Հենց այստեղ է պետք առավել մեծ ուշադրությամբ հետևել հատկապես ՌԴ-Ադրբեջան զարգացումներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրները Կասպից ծովի ավազանի անդամ լինելուց զատ, ունեն հարցերի լայն օրակարգ, և դրանում մեկ հարցի շուրջ առաջացած տարաձայնություններն ու անհամաձայնությունները, ինչը հստակ երևում է այս պարագայում, որպես կանոն, «կոմպենսացվում են» օրակարգի այլ կետերում առկա կնճռոտ հարցերի հարթեցմամբ»,- նշեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում