Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է

Տոնոյանի համոզմամբ` Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է

ԴԻԼԻՋԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,– ասաց Տոնոյանը:

Հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: «Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,– նշեց Տոնոյանը:

Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը հայտնեց, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Խոսելով զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակի մասին՝ նախարարն ասաց, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հստակ պատասխան տալ: «Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասաց նախարարը:

Տոնոյանը կոչ արեց Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքը դադարեցնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում