Էրդողանը հրաժարվել է ճանաչել Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից

Էրդողանը հրաժարվել է ճանաչել Ղրիմի «անեքսիան» Ռուսաստանի կողմից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի ընդգրկումը Ռուսաստանի կազմ ու շարունակելու է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանությունը համարել առաջնահերթություն։

Էրդողանն ասել է, որ Անկարան միշտ կաջակցի Ուկրաինայի անկախությանն ու «երբեք չի ճանաչի Ղրիմի անեքսիան»։ Զելենսկին էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ թերակղզին կվերադարձվի Ուկրաինային։

Էրդողանի այս հայտարարությանն արձագանքել են ռուս քաղաքական գործիչները

Սենատոր Սերգեյ Ցեկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նման դիրքորոշումը ենթադրում է, որ Անկարան չի առաջնորդվում ճշմարտությամբ և իրողություններով։ Ցեկովը նշել է, որ Ղրիմը կապրի առանց Թուրքիայի ճանաչման: Միևնույն ժամանակ, Ցեկովը նշել է, որ Մոսկվան և Անկարան ունեն նման տեսակետներ միջազգային հարաբերությունների բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, և մնում է համաձայնության գալ Ղրիմի խնդրի վերաբերյալ:

Նրա գործընկեր Օլգա Կովիտիդին նշել է, որ Թուրքիան պետք է կառուցի հարաբերությունների նոր մոդել Ղրիմի հետ, բայց դրա համար կպահանջվի որոշ ժամանակ:

Ղրկիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանջարը Թուրքիայի նախագահի հայտարարությունն անվանել է «ֆլիրտ» Ուկրաինայի հետ, հավելելով, որ Էրդողանի հայտարարություններում առաջին անգամ չէ, որ տեսնում են թուրքական պետության քաղաքականության երկակի ստանդարտները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում