ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Միացյալ Նահանգները Հարավային Օսիայի դեմ վրացական գործողության 11-րդ տարվա կապակցությամբ նորից կոչ է արել Ռուսաստանին՝ հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումից: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ Հայտնում է interfax-ը։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը չեղյալ հայտարարել Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավյալ վրացական շրջանների, այսպես կոչված, անկախության ճանաչումը», – ասել է Օրտագուսը ճեպազրույցում:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պետք է լիովին իրականացնի 2008 թվականի օգոստոսի հրադադարի պայմանները և, մասնավորապես, իր զորքերը դուրս բերի «Վրաստանի գրավյալ տարածքներից» և երաշխավորի ուժի չկիրառումը Վրաստանի դեմ:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները չի դադարի գործել այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը չի դադարեցնի վրացական սուվերեն տարածքների օկուպացիան»:

Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսի 8-ի լույս առավոտյան Վրաստանը փորձեց ուժով գրավել Հարավային Օսիան: Հարավային Օսիայի մայրաքաղաքում՝ Ցխինվալում, և այլ բնակավայրերում զանգվածային կրակ է բացվեց խոշոր տրամաչափի հրետանային հրթիռներից։ Ժամեր շարունակ հրետակոծությունից հետո վրացական զորքերը անցան հարձակման՝ գրավելով տարածքի զգալի մասը: Միջամտեց Ռուսաստանը, որի արդյունքում Հարավային Օսիայի տարածքն ազատագրվեց և Ցխինվալից վրացական զորքերը նահանջեցին: Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև օգոստոսի 12-ը: Օգոստոսի 14-ից 16-ը Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հակամարտության խաղաղ կարգավորման պլան:

2008-ի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում