Թուրքիան և ԱՄՆ-ն անվտանգ գոտու հարցում համաձայնության են եկել

Թուրքիան և ԱՄՆ-ն անվտանգ գոտու հարցում համաձայնության են եկել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները ավարտվել են: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ի հետ մասին անվտանգ գոտի ստեղծելու աշխատանքները համակարգելու և ղեկավարելու համար Թուրքիայում հնարավորինս կարճ ժամանակում պետք է ձևավորվի Համատեղ գործողությունների կենտրոնը: Կողմերը համաձայնության են եկել ամեն գնով այնպես անել, որ սիրիացի փախստականները վերադառնան իրենց հայրենիք:

Հայտարարության մեջ անվտանգ գոտու լայնության և երկարության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Սակայն հայտնի է, որ կողմերը այդ հարցում ևս համաձայնության են եկել:

Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու մասին 2013 թվականին առաջին անգամ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում: Ըստ այդ ծրագրի՝ Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար կստեղծվի մի տարածք, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները: Թուրքական կողմը նախապես պահանջում էր, որ անվտանգ գոտին ունենա 30-40 կմ լայնություն և 460 կմ երկարություն: Սակայն, աստիճանաբար զիջումների գնալով, պահանջում է 30-35 կմ լայնություն և մոտ 400 կմ երկարություն:

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև անվտանգ գոտու թեմայով բանակցություններ տեղի են ունեցել հուլիսի 23-ին, երբ Թուրքիա էր ժամանել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: Այդ ժամանակ ամերիկյան կողմի՝ անվտանգ գոտու 5-14 կմ լայնություն ունենալու առաջարկը մերժվել էր Թուրքիայի կողմից: Անկարայում օգոստոսի 5-7-ը տեղի է ունեցել թուրք-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում