Ադրբեջանը Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն օգտագործելու է մեր դեմ

Ադրբեջանը Փաշինյանի հնչեցրած հայտարարություններն օգտագործելու է մեր դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում նշեց այն արժեքները, որոնք կարող են համախմբող լինել ամբողջ հայության համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հնչած ելույթներին:

Նա կարծիք հայտնեց, որ Արցախի նախագահը նաև հիմնական ուղղությունները ներկայացրեց՝ դատելով և՛ հայկական պետությունների անվտանգության, և՛ Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղիների, հատկապես դրանց բաղադրիչների մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ինչի ժամանակ հնչեցին բացառապես պոպուլիստական կոչեր և երկիմաստ գնահատականներ, ինչպես նաև սպառնալիքներ՝ հատկապես Արցախի քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերող որոշումների մասով:

«Ծրագրային ելույթը, ինչը խոստացված էր վարչապետի կողմից, մենք չտեսանք: Իմ կարծիքով՝ Արցախում շատ լավ հաշվարկել էին, որ Փաշինյանը հանրահավաքում ելույթ ունենալու բացառապես մեկ նպատակ ուներ՝ հավաքված հանրության առջև ցույց տալ իր ակտիվությունը, հեղինակությունը Արցախում: Պարզապես Արցախի իշխանությունները չցանկացան մասնակցել այդ խաղին: Ընդամենը տուրք տվեցին Հայաստանի ղեկավարի որոշ ցանկություններին ու բարձրացան այդ բեմ»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս նշեց, որ տրամաբանական կլիներ, որ վարչապետի ելույթում անդրադարձ լիներ հաջորդ օրը մեկնարկող Համահայկական խաղերին, սակայն դա տեղի չունեցավ.

«Հրապարակում ես ավելի շատ տեսա ինքնահաստատվել ցանկացող Նիկոլ Փաշինյան և դրան խոչընդոտել չցանկացող Արցախի իշխանություն: Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրենց հարցերն էին փորձում լուծել, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը ամեն կերպ փորձում էր այդ հանրահավաքը ծառայեցնել քաղաքական իր նպատակներին ցույց տալու համար, թե աջակիցների մեծ խումբ ունի, և ինքն է Արցախի նախագահի ամենահավանական թեկնածուն: Սամվել Բաբայանի կողմնակիցները դրան հակադրեցին սադրիչ հայտարարություններով, փորձեցին այդպես աչքի ընկնել: Ըստ էության, Արցախի Վերածննդի հրապարակում երևացին տարբեր ծրագրեր, նպատակներ հետապնդող մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնք պարզապես փորձեցին այդ հակադրությունները քողարկել ինչ-որ պաթետիկ հայտարարությունների ներքո»:

Հարցին՝ վարչապետ Փաշինյանն իր ելույթի ընթացքում բազմիցս նշեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, սա ինչպե՞ս կընկալվի միջազգային հարթակներում, քաղաքագետը պատասխանեց՝ իրեն շատ է անհանգստացնում այն փաստը, որ նման հայտարարություններ անում են՝ առանց հաշվարկելու հետևանքները.

«Այն, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել դրանից՝ մեղադրելով հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու մեջ, այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ այդ հայտարարությունները միջազգային հարթակներում, այդ թվում՝ Մինսկի խմբում օգտագործվեն մեր դեմ, ես դրանում կասկածներ չունեմ, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է:

Մեծ հաշվով, ինձ ճնշումները չեն անհանգստացնում, այլ այն, որ արվում են անպատասխանատու հայտարարություններ: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են անցած տարվա իր հայտարարություններին, որ Արցախը ինքնուրույն պետք է մասնակցի բանակցային գործընթացին, և Արցախի իշխանություններն իրենք պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդին: Այսօր նա հանդես է գալիս միանգամայն հակադիր դիրքորոշմամբ և ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լոզունգները հնչեցնելով որևէ բացատրություն հանրությանը չի ներկայացնում: Դրանք պոպուլիստական հայտարարություններ էին, որոնք հրապարակում հավաքված մարդկանց աշխուժացնելն էր, հանրահավաքային էմոցիաներ հաղորդելն էր»:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում