Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը

Կոնգրեսականները կոչ են անում Թրամփի վարչակազմին շարունակել Արցախի ականազերծման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ ընդիմանալով վարչակազմի փորձերի կրճատել Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանն ու մանրամասնում, որ նամակին միացել է նաև սենատոր Մենենդեսը

Կոնգրեսկաններ Շերման և Քոքսի նախաձեռնությամբ նամակը ուղղված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին։ Նրանք կոչ են ան ում շարունակել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վկայություն տալուց Մարկ Գրինը վերահաստատել էր ԱՄՆ հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու մասին:

Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով վերջերս օրենսդրական նախաձեռնություն էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներին ամերիկյան պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով, խոսել էր ականազերծման աշխատանքները շարունակելու կարևորության մասին։

«Սա կարևորագույն մի օրենսդրական նախաձեռնություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի այլև անձամբ ինձ համար: Պատերազմն ավարտվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն մինչ օրս հազարավոր ականներ և չվնասազերծված զինամթերք է մնում պատերազմից հետո: Որևէ մեկը չպետք է վտանգվի չվանսազերծված ականների կամ զինամթերքի պատճառով»,– նշել էր նա։

Ամերիկահայ կառույցները ողջունել են ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնությունը՝ երախտագիտություն հայտնելով կոնգրեսականներ Շերմանին ու Քոքսին, սենատոր Մենենդեսին ու նախաձեռնությանը միացած բոլոր օրենսդիրներին:

Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրն իրականացնող HALO Trust կազմակերպության ամերիկյան մանսաճյուղի գործադիր տնօրեն Քրիս Ուաթլին ընդծել է ղարաբաղյան ծրագրի ֆինանսավորման կարևորությունը, քանի որ բազմաթիվ տարածքներ շարունակում են ականապատված մնալ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում