Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը

Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Ողջունում եմ աշխարհի հպարտ հայությանը և ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988 թվականին թնդում էր Վերածննդի այս հրապարակը՝ «Միացոմ, միացում»,- այսօր Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված համահայկական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի բոլոր նահատակների հիշատակը։

Նա հավաքվածների համար կարդաց նաև 2016 թվականին գրած իր բանաստեղծությունը, որի վերնագիրն է՝ «Հայոց զորքը հարթավայրում»։

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում։ Հասկանալիորեն Հայաստանում այդ նոր իրողությունները պետք է իրենց ուղղակի ազդեցությունն ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա։ Այսօր լայնորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ ազդեցությունը Սփյուռքի և Արցախի կյանքի վրա։ Այդ հարցի օրգանական պատասխանը գտնելու համար նախ անհրաժեշտ է արձանագրել և գնահատել 2018 թ. տեղի ունեցած հեղափոխության էությունը։

Այն, որ հեղափոխության օրերին Արցախը կարողացավ ամուր և կայուն պահել առաջնագիծն, աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին, հեղափոխությանը, որովհետև առաջնագծում տեղի ունեցած ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել Հայաստանում քաղաքական զարգացումների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների։

Հեղափոխության այդ օրերին, ըստ էության, դերերի խորհրդանշական փոփոխություն տեղի ունեցավ։ Եթե հեղափոխությունից առաջ և հետո ՀՀ-ն է կանգնած Արցախի թիկունքին, 2018 թվականի գարնանն Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին, ամուր պահելով այդ թիկունքը՝ մեծ ուժ տալով հեղափոխության գործընթացներին։ Կարող եմ լիաթոք ասել՝ հպարտ ենք ձեզանով, սիրելի արցախցիներ», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ այսօր համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ ընդհանուր նպատակը պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում