Խաղողի այգիները կորցնում ենք. մասնագետները ահազանգում են

Խաղողի այգիները կորցնում ենք. մասնագետները ահազանգում են

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանում խաղողագործության ոլորտի վիճակը կատաստրոֆիկ է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ըստ կանխատեսումների, թե գինու, թե կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողի ծավալները նախորդ տարվա համեմատ զգալի կնվազեն։ Միայն կոնյակի համար օգտագործվող խաղողի ծավալը պակաս կլինի շուրջ 20 տոկոսով։

Բերքի նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջինը, ըստ Ավագ Հարությունյանի, եղանակային պայմաններ են՝ վաղ գարնանային ցրտահարությունները, կարկուտը, երկրորդը՝ խաղողի թշնամի ֆիլոքսերան։

«Հայաստանում խաղողագործությանը լուրջ սպառնալիք է հանդիսանում խաղողի ֆիլոքսերան, որը վերջին տարիներին զգալի խնդիրներ է առաջացնում խաղողագործների համար: Ֆիլոքսերան զարգանում է, բայց դրա դեմ պայքարելու համար պետությունը հստակ քաղաքականություն չունի։ Դա գալիս է նախորդ կառավարություններից, իսկ այս կառավարությունն էլ այդ անորոշությունը ժառանգեց նախորդներից»,- ասաց գինեգործը։

Նրա խոսքով՝ խաղողի նոր այգիներ հիմնվում են, բայց ոչ ինտենսիվ, քանի որ մարդիկ չգիտեն՝ ներդրումներ անեն, թե՞ ոչ։ Պատճառն, ըստ Ավագ Հարությունյանի, և հիվանդությունն է, և սպասողական վիճակը։

«Փոքր այգիներ հիմնվում են, ըստ իմ հաշվարկների, 500 հա-ից ավելի այգի արդեն հիմնվել է, իսկ խոշոր ներդրումներ չեն արվում, քանի որ երկրում դեռևս սպասողական վիճակ է։ Բացի այդ, ֆիլոքսերայի դեմ պայքար չկա։ Լուծում կա՝ այգիները քանդեն և նորերը հիմնեն, բայց գյուղացիները դրա հնարավորությունը չունեն»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Ավագ Հարությունյանը կարծում է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, հիվանդության դեմ որևէ քայլ չձեռնարկվի, ապա 7-8 տարի հետո գյուղացիները կկորցնեն իրենց այգիները։ Նա միաժամանակ նշեց, որ գինու խաղողի խնդիր կա, իսկ 2-3 տարի հետո գինեգործներն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։

«Հայաստանի խաղողագործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանը ևս փաստում է՝ այս տարի խաղողի սպասվող բերքը նվազ կլինի։

Նա միաժամանակ նշեց, որ խաղողի բերքի նվազումը չի հանգեցնի մթերման գների ավելացման, քանի որ վերամշակողմերն ասում են՝ իրենք արդեն բարձր գնով են գնում։

«Նախկին իշխանությունների ժամանակ ասում էին՝ օլիգարխիան թույլ չի տալիս գինը բարձրացնել, իշխանափոխությունից հետո էլ խոսում էին, որ եթե մրցակցություն լինի խաղողը կմթերեն 230-280 դրամով, բայց, ցավոք սրտի, նման գնով խաղողի մթերման մասին խոսք չկա։ Գարնանը պետական մակարդակով հայտարարվեց, թե գործարանները խաղողը մթերելու են 150 դրամով, բայց դա նորություն չէր, քանի որ դեռ սրանից 4 տարի առաջ խաղողը գնում էին նույնքան գումարով»,- նշեց Արտակ Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ տարի կոնյակի համար մթերվող խաղողի գինը կազմել է 130-150 դրամ, իսկ գինու հումքի համար խաղողի գինը եղել է ավելի բարձր։

Ինչ վերաբերում է ֆիլոքսերային, ՀԿ նախագահն ասաց, որ տարիներ առաջ պետությունը փորձեց մեղմել խաղողագործի վիճակը, պայքարի միջոցառումներ ձեռնարկեց, բայց այդ ծրագիրը չշարունակվեց, իսկ ֆիլոքսերան տարածվում է խաղողի այգիներում։

«Պետական քաղաքականություն չի մշակվում, ոչինչ չի արվում։ Գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնել»,– ընդգծեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում