«Անընդունելի է». Պետդեպն անհանգստացած է Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու Թուրքիայի մտադրությամբ

«Անընդունելի է». Պետդեպն անհանգստացած է Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու Թուրքիայի մտադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱՄՆ պետքարտուղարությունն անհանգստացած է թուրքական բանակի՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություն անցկացնելու մտադրությամբ: Ինչպես հայտնում է tass.ru-ն, այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը:

«Նման միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ անհանգստություն են առաջացնում, հատկապես, երբ ամերիկացի զինծառայողները կարող են գտնվել մոտակայքում… Մենք յուրաքանչյուր նման գործողություն անընդունելի ենք համարում և կոչ ենք անում Թուրքիային աշխատել մեզ հետ համատեղ մոտեցման մշակման համար»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան ափին և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

«Մենք կմտնենք Եփրատ գետից արևելք ընկած հատվածը, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և Էլ Բաբ: Մենք տեղեկացրել ենք այդ մասին Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի նկատմամբ հարձակումների պարագայում», – հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ, թուրք ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է սկսել ռազմարշավը Եփրատի հյուսիսում, ինչպես նաև Մանբիջում՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չբերի նրանց այնտեղից: Ավելի ուշ նա տեղեկացրել էր, որ որոշել է հետաձգել ռազմարշավի մեկնարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում