ՊՆ-ն միջացառումներ է իրականացնում «Եռաբլուր»-ի հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ

ՊՆ-ն միջացառումներ է իրականացնում «Եռաբլուր»-ի հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Մեր կողմից ձեռնարկվում են միջոցառումներ «Եռաբլուր» պանթեոնի գերեզմանաքարերն իրենց նախկին տեսքին վերադարձնելու ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի գերեզմանները պղծելու դեպքին։

Նրա խոսքով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացվում են միջոցառումներ։

«Իհարկե ՊՆ-ի կողմից իրականացվում են լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ»,–ընդգծեց ԶՈւ ԳՇ պետը։

Հիշեցնենք, օրեր առաջ քաղաքացիներն ահազանգել էին, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։

Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։

Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում