Անմիջապես մեր հարևանությամբ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեզ պարտադրում են զգոն լինել. ԱԱԾ տնօրեն

Անմիջապես մեր հարևանությամբ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները մեզ պարտադրում են զգոն լինել. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Նշենք, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:

Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դրական գնահատելով «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները, շնորհակալություն հայտնեց Սահմանապահ զորքերի ողջ անձնակազմին՝ ակտիվ մասնակցության և բարեխիղճ ծառայության համար:

«Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարեց պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում