Դատարանը վերացրեց կալանքը Մանվել Գրիգորյանի գույքի մի մասի նկատմամբ

Դատարանը վերացրեց կալանքը Մանվել Գրիգորյանի գույքի մի մասի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասի վրայից կալանքը վերացնել:

Պետեկամուտների կոմիտեի գրություն էր ուղարկել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը, սակայն միևնույն ժամանակ ՊԵԿ-ին տեղեկացրեց, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ 2 մլն դրամի չափը, տեղեկացնեն դատարանին:

ՊԵԿ-ի նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված է, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք:

Ավելի վաղ դատավորի առաջարկով դատական նիստն ընդհատվել էր, որ հնարավոր լինի ճշտել Մանվել Գրիգորյանի տեսակետը՝ Պետական եկամուտների կոմիտեի գրության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում