Ստացվում է՝ Փաշինյանի մասնակցությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին չի համապատասխանել ՀԱՊԿ կանոնադրությանը. փորձագետ

Ստացվում է՝ Փաշինյանի մասնակցությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին չի համապատասխանել ՀԱՊԿ կանոնադրությանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետդուման վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոփոխություն են մտցնում ՀԱՊԿ կանոնադրությունում։ Երկրորդ արձանագրությունով առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։ Երրորդ արձանագրությունը նախատեսում է ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի շնորհում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են ուսումնասիրել բաց նորմատիվային իրավական բազան, փորձն ու ՀԱՊԿ գործունեությունն՝ առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ Times.am-ի լրագրողը փորձել է հասկանալ՝ թե ինչպես կանդրադառնան այս փոփոխությունները Հայաստանի շահերի վրա: 

«Դիտորդի կարգավիճակի տրամադրման մասին արձանագրության դրույթներով հիմնականում չեզոքացվել են Հայաստանի համար այդ փոփոխությունից բխող մարտահրավերները: Մասնավորապես նշվում է, որ դիտորդի կարգավիճակ կարող է ստանալ միայն այն երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Այսպիսով, բացառվում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կամ Պակիստանին դիտորդի կարգավիճակի շնորհումը, ինչի հնարավորության մասին նախկինում շատ է խոսվել, և ինչը լուրջ մտահոգություններ էր առաջացնում Հայաստանի մոտ», – նշեց Հասմիկ Վարդանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է աչալուրջ լինեն՝ կառույցում խնդրահարույց երկրների մասնակցությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, բացառելու համար:

Ինչ վերաբերում է Երկրորդ արձանագրությանը, ապա, ըստ փորձագետի, այստեղ որոշակի հարցեր են առաջանում: «Փաստացի, այս փոփոխությունը վերաբերում է Հայաստանին: Ստացվում է, վերջին մեկ տարում ՀՀ վարչապետի մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին չի համապատասխանել կառույցի կանոնադրությանը:

Փաստորեն, մենք արդեն այս իրավիճակը կարգավորելու ուղղությամբ գործընթաց ունենք, թեև բավականին ուշացած: Հիշեցնեմ, որ վերջին մեկ տարում կառույցում իմիջային լուրջ խնդիրներ ունեինք կապված գլխավոր քարտուղարի շուրջ մեր իսկ ստեղծած բարդ իրավիճակի հետ: Եվ չնայած ՀՀ իշխանությունները սկզբնական շրջանում հավաստիացնում էին, որ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն դա տեղի չունեցավ», – նշեց փորձագետը:

Ըստ Հասմիկ Վարդանյանի՝ 2018 թվականի ապրիլին Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու արդյունքում միջազգային կառույցների տարբեր ձևաչափերում Հայաստանի ներկայացվածության հարցն ավելի սուր է ԵԱՏՄ-ի դեպքում, որտեղ մենք վերջին մեկ տարում վարչապետի մակարդակով մասնակցում ենք և՛ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Բարձրագույն խորհրդի նիստերին, և՛ կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Միջկառավարական խորհրդի նիստերին: «Սա ոչ միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ կառույցում մեր արդյունավետության, Հայաստանի շահերն առաջ մղելու տեսանկյունից, այլև հարվածում է մեր երկրի հեղինակությանը: Սակայն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, այստեղ իրավիճակը շտկելու ուղղությամբ գործընթաց կարծես չկա», – եզրափակեց փորձագետը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում