Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան որոշ հանդիպումները կարող են բացասական ֆոն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում. փորձագետ

Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան որոշ հանդիպումները կարող են բացասական ֆոն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում. փորձագետ

Ատլանտյան խորհուրդը, որտեղ անցյալ շաբաթ ելույթով հանդես էր եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՌԴ կողմից ներառվել է անցանկալի կազմակերպությունների շարքում: «Տվյալ կազմակերպության գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության համար», – ասվում է ՌԴ Գլխավոր դատախազության հայտարարությունում:

Թեմայի շուրջ մեզ հետ զրույցում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանը նշեց, որ Ատլանտյան խորհրդում և Ժողովրդավարության աջակցության ամերիկյան ազգային հիմնադրամում(NED) ԱԺ նախագահի ունեցած հանդիպումները կարող են որոշակի բացասական ֆոն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, եթե մենք մեր գործընկերների հետ թափանցիկ չենք աշխատում:

«Ժողովրդավարության աջակցության հիմնադրամի (NED) գործունեությունը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել դեռ 2015 թվականին, սակայն այս տարիներին Հայաստանը շարունակել է համագործակցել հիմնադրամի հետ: Դա հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ չի առաջացրել, քանի որ Հայաստանն իր բոլոր գործընկերների հետ առավելագույս թափանցիկ է աշխատել», – նշեց փորձագետը:

Հասմիկ Վարդանյանի կարծիքով՝ այսօր այդ շփումներին, սակայն, ռուսական արձագանքը կարող է շատ ավելի սուր լինել, քանի որ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ այդ հիմնադրամի նախկին շահառուներն են: «Ուստի, այժմ ոչ միայն անհրաժեշտ է, որ գործընկերների հետ թափանցիկ աշխատելու գործելաոճը պահպանվի, այլև դրան պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել, այդ հարցում լինել հետևողական: Ռուսական իշխանությունների, փորձագիտական շրջանակների, հանրության որոշ շրջանների մոտ հեղափոխությունից մեկ տարի անց էլ ՀՀ իշխանությունների մասին կարծրատիպերը՝ կապված նրանց աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ, պահպանվում են: Սա հաշվի առնելով՝ ՀՀ ղեկավարության շփումներն ամերիկյան առաջատար այս կազմակերպությունների հետ կարող են որոշակի բացասական ֆոն ապահովել երկկողմ հարաբերություններում, եթե մենք թափանցիկ չենք աշխատում մեր գործընկերների հետ», – նշում է փորձագետը:

Վարդանյանը որպես օրինակ հիշեցրեց Հայաստանի հարաբերությունները Եվրամիության և ՌԴ-ի հետ 2013-ից հետո, երբ երկու կողմերի հետ առավելագույնս թափանցիկ երկխոսությունը թույլ տվեց հասնել նրան, ինչն անհնար էր թվում՝ լինելով ԵԱՏՄ անդամ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում