Զոհրաբյան. Ապագայում տեսնելու ենք մորուքով տղամարդու, որը շրթներկով է, կանացի մազերով ու շրջազգեստով

Զոհրաբյան. Ապագայում տեսնելու ենք մորուքով տղամարդու, որը շրթներկով է, կանացի մազերով ու շրջազգեստով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որ արշավ է սկսել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեմ, այսօր ԱԺ-ին, ՍԴ-ին, վարչապետին կոչ արեց չգնալ այդ քայլին։

Նա համարում է, որ ոչ վաղ անցյալում սեռական բռնության վերաբերյալ անանուն նամակների հրապարակումն ու տարածումն ուղիղ կապ ունի այդ կոնվենցիայի վավեացումը նախապատրաստելու հետ։

«Բռնության դեպքեր կան։ Նույնիսկ ամենազարգացած հասարակությունում բռնության դեպքեր կան, դրանք պետք է բացահայտվեն ու պատժվեն։ Բայց այս ժամանակահատվածում նման նամակներով համացանցը հեղեղելը, ես կարծում եմ՝ ուղիղ միտում ունի, հասարակության մոտ այդ բռնության մասին որոշակի պատրանք ստեղծել»,– լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց նա։

Զոհրաբյանն էլ մի քանի նամակ է ընթերցել, տպավորություն է ստացել, որ հեղինակները իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող անձինքն են։ Նշում է՝ բարձր իրավագիտակցություն ունեցող մարդը հանգիստ կարող է իր իրավունքները պաշտպանել։

«Դուք լավ գիտեք, իրազեկված մարդուն դժվար է բռնության ենթարկել։ Չեմ բացառում, որ նման դեպքեր կան, բայց հիմնավոր կասկած ունեմ, որ դա արհեստականորեն կազմակերպված էր, որպեսզի հասարակության ավելի լավ նախապատրաստեն այս կոնվենցիան ընդունելու հարցում»,- ասաց բանախոսը։

Զոհրաբյանը նշում է՝ կոնվենցիան բացի արական ու իգական սեռերից նախատեսում է նաև այլ սեռ, ընտանիքից բացի, նաև ընտանեկան միավոր, ինչը վտանգավոր է։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոնվենցիան նախատեսո՞ւմ է, որ երրորդ սեռն անպայման անձնագրում նշվի, այն հիմք կդառնա՞ Հայաստանում սեռափոխության վիրահատությունների իրականացման համար։

Զոհրաբյանը պատասխենց, կոնվենցիան նման հարցեր չի կարգավորում, սակայն նման հասկացություններին իրավական անկյուն է տալիս։

«Ամեն ինչ ընդունելուց է սկսվում։ Եթե մենք ընդունեցինք սա, իմացանք, որ կենսաբանական սեռից տարբերվող սեռ էլ կա, մենք ապագայում տեսնելու ենք, օրինակ մորուքով տղամարդու, որը շրթներկով է, կանացի մազերով ու շրջազգեստով։ Ինքը ստիպելու է, որ իրեն կին ընդունենք, իր սուբյեկտիվ վերաբերմունքը փաթաթելու է մեզ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոչ այդ մարդը պետք է ենթարկվի բռնության, ոչ էլ քաղաքացիները՝ ընդունելով նրան այնպես, ինչպես ինքն է ուզում։

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե կոնվենցիան չվավերացնելը կխանգարի ասոցացման գործընթացին, Արա Զոհրաբյանը նկատեց՝ Բուլղարիան ԵՄ անդամ է ու մերժել է այդ կոնվենցիան։

«Մենք հանգիստ կարող ենք օգտագործել այդ փաստարկը»,– ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում