Մնացականյանն ու Բախտաձեն դրական են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված համագործակցությունը

Մնացականյանն ու Բախտաձեն դրական են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախօրեին հանդիպմանն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով:

Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական են գնահատելմիջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր փոխանակեցին այդ նախաձեռնության ապագա տեսլականի և այդ ձևաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։

Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության և կայունության անհրաժեշտությունը և այս ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի հետագա համագործակցության կարևորությունը:

Նույն օրը նախարար Մնացականյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նա իր խոսքում նշել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում ունեն տարբեր խնդիրներ, այնուամենայնիվ, երկու երկրներին միավորում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգի, սեփական ժողովուրդների բարեկեցությանը նպաստող միջավայր ստեղծելու ընդհանուր շահը:

«Անչափ կարևոր է, որ դուք՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, Վրաստանի հասարակական կյանքի մասնակիցներ, Վրաստանի բարեկեցության, զարգացման մասնակիցներ, նաև հանդիսանում եք ձեր արմատների, ձեր ինքնության պահապանը: Դուք նաև կարևորագույն կամուրջ եք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև՝ ներդրում ունենալով երկկողմ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու գործում։ Բոլորս գիտենք, որ առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների որպես համայնք։ Սակայն իմ կարծիքով մեր համայնքների և, մասնավորապես, այս համայնքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սա ոչ թե ուղղակի մարդկանց խումբ է, որոնք տարին մի քանի անգամ կարող են հավաքվել միասին սուրճ խմելու համար, այլ հայ համայնքի կարողությունն արտահայտվում է իր ինստիտուցիոնալ կազմակերպման մեջ։ Մենք ունենք ինստիտուցիոնալ առումով մեր ինքնությունն արտահայտելու տարբեր ձևեր»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում