ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սահմանադրական դատարանի՝ աշխատակարգային որոշմամբ կասեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը։ Որոշումը կայացվել է հուլիսի 18-ին։

Որոշման մեջ ասված է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրությունից հետևում է, որ այն բովանդակում է հարցադրումներ, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վերաբերում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) ամրագրված նորմերի մեկնաբանությանը և կիրառմանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը՝ կարևորելով Կոնվենցիայի վերաբերելի նորմերի կիրառման և համեմատական սահմանադրական իրավունքի միջազգային լավագույն փորձի վերհանումը:

ՍԴ-ն որոշ հարցադրումներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին։

««Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներն ստանալը»,-ասված է որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում