Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին

Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է գնահատում Իջևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների առաջին մասը, երբ ցրել են ցույցը, սակայն բերման ենթարկելու ժամանակ տեղի ունեցածի հետ կապված նա կոչ ունի ոստիկանությանը։

«Ոստիկանությունը չի ձեռնարկել ցույցը ցրելու բռնի գործողություններ, բավականին զուսպ է միջամտել այդ հավաքին, հանդուրժող է մոտեցել քաղաքացիներին։ Բիրտ գործողություններ չեն եղել, ինչը ողջունելի է։ Գիտենք, թե նախկինում ինչպես էին ցրում ցույցերը։ Սակայն երբ բերման էին ենթարկում մարդկանց, այդ ընթացը պետք է ևս պատշաճորեն կատարվեր։ Փաստաբան Արա Ղարագոզյանի բողոքն ենք լսել, որ անմեղ մարդիկ կային, որոնց բերման են ենթարկվել։ Լավ կլիներ, որ այդ ընթացքը ևս ոստիկանությունն իրավաչափ գործեր, որևէ քաղաքացի չբողոքներ, այսինքն օրենքի շրջանակներում լինեին։ Կոչ եմ անում ոստիկանությանը օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարի և մարդիկ, որոնք այնտեղ չեն եղել, չտուժեն։ Հանրության ուշադրության կենտրոնում է, կարծում եմ՝ դրական լուծում կստանա և մարդիկ ազատ կարձակվեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ժ. Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն անընդունելի է համարում, որ ոստիկանները գիշերվա կեսին մտել են մարդկանց տները ու բերման ենթարկել «մայկայով-տռուսիկ», մարդիկ չեն հասցրել հագնվել։

«Ոստիկանները եթե առաջին դեպքում պատշաճ են վարվել, հանդուրժող, այստեղ էլ պետք է պահպանեին դա»,- նշեց նա։

Ժ. Ալեքսանյանն ասաց, որ բերման ենթարկվածների հետ կապված շատ տեղեկություններ չունեն, փաստաբաններից միայն մեկի հետ են կապ հաստատել, պետք է մյուսների հետ էլ կապնվել, որպեսզի տեսնեն, թե ոստիկանության գործողություններն օրինական, թե ոչ։

Միաժամանակ նշեց, որ անընդունելի էին բողոքների այն պատճառաբաննությունները, թե ծառ հատելու ու վաճառելու ճանապարհով են ընտանիք պահում, մինչդեռ կարելի է աշխատանք գտնել ու այդպես ընտանիք պահել։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ցանկացած բողոքի ակցիա, ցանկացած գործողություն՝ և ոստիկանների կողմից, և ցուցարարների, պետք է տեղավորվի օրենքի սահմաններում։

«Անցյալում ենք թողել այն իրավիճակը, երբ այս կամ այն կողմից կարող էին լինել օրենքից դուրս գործողությունները։ Կարելի է բողոքի ակցիաներ կազմակերպել՝ չհասցնելով դրանք լարվածության և բախումների»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողներն փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը։ Նրանք պահանջում էին հանդիպում այն անձի հետ, ով հրաման էր տվել թույլ չտալ անտառից փայտ տանել: Բախում է տեղի ունեցել ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են, սկսել քարեր նետել նրանց ուղղությամբ։ Կան վիրավոր ոստիկաններ և քաղաքացիներ։ Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ ներկայացել է ինքնակամ: 13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում