ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ

ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարում հունիսի 17-ին Իջևանում ոստիկանության նկատմամբ որոշ քաղաքացիների կողմից ուժի կիրառումը:

«Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ`ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իջևանում հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ գնալու է Տավուշի մարզպետարան և մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Որոշելու ենք մեր հետագա անելիքները և, կարծում եմ, որ այսօր այդ հարցի լուծումը վերջնական կտրվի, և մենք կվերադառնանք մեր նորմալ, բնականոն կյանքին»,- ասաց Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում