Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան

Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 17-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան խնդին և սահմաններում տիրող իրավիճակին, նշեց, որ Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծն» աշխատում է, բայց դա, ցավոք սրտի, չի երաշխավորում, որ մենք զոհեր չենք ունենա։ Այսօր այս թեմայի շուրջ Times.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:

«Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին այսպես կոչված «թեժ գծի» կամ օպերատիվ կապի հաստատում Բաքվի և Երևանի միջև, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին և մինչ օրս միակ ձեռքբերումն էին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում: Օպերատիվ կապի առկայության շուրջ համաձայնության հաստատումն, իհարկե, դրական էր, եթե չգար փոխարինելու սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ նախկինում ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին», – նշեց փորձագետը:

Հերմինե Մխիթարյանն ընդգծեց այն հանգամանքի կարևորությունը, որ այսօր վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա: «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տևական ժամանակ սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ էր, զոհեր չունեինք: Այս հանգամանքից ոգևորված իշխանական շատ ներկայացուցիչներ նշում էին, որ կարևորը պայմանավորվածություններն աշխատում են, էական չէ, թե ինչ կլինի դրանց անունը: Սրանից, իհարկե, օգտվեց ադրբեջանական կողմը՝ հետևողականորեն հասնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների դուրսբերմանը բանակցային սեղանից: Անշուշտ, հասկանում ենք, որ այստեղ խնդիրը բնավ անվանման մեջ չէր, այլ բովանդակության և միջազգային երաշխիքների առկայության մեջ էր, որը Դուշանբեում պարզապես բացակայում էր: Այնամենայնիվ, վերջին շրջանում, և հատկապես զոհերից և սահմանային լարվածության աճից հետո, նորից սկսել ենք կարևորել 2016-ից հետո սահմանային միջադեպերի հետաքննության վերաբերյալ ձեռք բերված այդ պայմանավորվածությունները, ինչի վկայությունն են, օրինակ, արտգործնախարարության համապատասխան հայտարարությունները: Մնում է հուսալ, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների՝ օրակարգ վերադարձնելու հարցում հայկական կողմը վճռական է տրամադրված», – ամփոփեց փորձագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում