Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ

Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն հնարավորինս օպերատիվ կերպով ջերմ հարաբերություններ հաստատել Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ: Times.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Եվրախորհրդարանը 383 ձայնով հաստատել է Գերմանիայի նախկին Պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա կստանձնի իր լիազորությունները նոյեմբերին:

«Եվրահանձաժողովի նախագահը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որն ամենօրյա ռեժիմով կարգավորում է Միության աշխատանքն ու արտաքին հարաբերությունները: Հայաստանի համար կարևոր է ի դեմս նրա լավ գործընկեր ունենալ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն արդյունավետ կերպով առաջ մղելու համար: Բնական է, որ Եվրահանձնաժողովի նոր նախագահն առաջին հերթին զբաղվելու է առավել սուր հարցերով, իր տված խոստումների կատարմամբ, բայց մենք ևս պետք է տեղ բացենք մեզ համար այդ օրակարգում»,– կարծում է փորձագետը:

Աննա Կարապետյանը նշում է, որ վերջին տարվա ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ հարաբերությունները վայրիվերումներ են արձանագրել, կար որոշակի չհասկացվածություն, կային չարդարացված սպասելիքներ: «Սակայն վերջին մի քանի շփումները ցույց տվեցին, որ հաջողվել է որոշակի փոխընբռնման հասնել: Այդ թվում՝ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժան Կլոր-Յունկերի հետ բավական դրական համագործակցություն է հաստատվել՝ չնայած Հայաստանի համար ամենասկզբունքային հարցերը դեռ լուծում չեն ստացել, օրինակ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը դեռ չի մեկնարկել: Այժմ կարևոր է ապահովել ստեղծված դրական ֆոնի փոխանցումը Ֆոն Դեր Լայենի հետ շփումներին և, միաժամանակ, հստակ սահմանել մեզ համար կարևոր հարցերն ու մեր դիրքորոշումը»,– ասել է փորձագետը՝ մատնանշելով մի շաբաթ առաջ Եվրոպական խորհրդի նախագահի՝ տարածաշրջանում արված հայտարարությունները, որոնք մի շարք մտահոգությունների տեղիք էին տվել:

«Ֆոն Դեր Լայենն Անգելա Մերկելի թիմակիցն է, նրա հետ աշխատելը պետք է որ դժվար չլինի՝ հաշվի առնելով Գերմանիայի կանցլերի հետ Հայաստանի իշխանությունների բավականին դրական հարաբերությունները: Պարզապես պետք է բավական ուշադրություն դարձնել այս թեմային և հնարավորինս օպերատիվ քայլեր ձեռնարկել: Վարչապետի շնորհավորանքն այս առումով դրական քայլ է, բայց չի կարելի դրանով սահմանափակվել»,– եզրափակել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում