Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի

Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկո Մոգերինին նախօրեին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Իրանի և վեց երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությանն այլընտրանք չկա և հույս է հայտնել, որ Թեհրանը կրկին կհետևի Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ)։

«Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա համաձայնագրի պայմանների կատարմանը, ինչպես եղել է այս տարիների ընթացքում։ Նշեմ, որ այն գործողությունները, որոնք արվել են և որոնց համար մենք ափսոսում ենք, կարող են չեղյալ հայտարարվել: Մենք հույս ունենք և կոչ ենք անում Թեհրանին հրաժարվել իր քայլերից»,- ասել է Մոգերինին:

Մոգերերինն ասել է, որ հանդիպման մասնակիցները չեն կարծում, որ Թեհրանը լրջորեն խախտել է միջուկային գործարքի պայմանները: Նրա խոսքերով, Եվրամիությունը ցանկանում է պահպանել այդ համաձայնությունը՝ նույնիսկ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, որը ոչ միայն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, այլև սպառնացել է երկրում գործող եվրոպական ու միջազգային ընկերություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Իրանի իշխանությունները հայտնեցին, որ Թեհրանը սկսել է հարստացնել ուրանը միջուկային գործարքի շրջանակներում նախատեսված առավելագույնից բարձր: Որոշումը կայացվել էր մայիսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գործարքից դուրս գալուց 1 տարի անց։ Իրանը նաև կարծում է, որ Եվրոպան լիովին չի կատարում համաձայնագրի տնտեսական մասով նախատեսված իր պարտավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում