Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է

Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող ավիաընկերությունները հուլիսի 8-ից ավելացրել են իրենց թռիչքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ դա պայմանավորված է Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան թռիչքների արգելքի հետ:

«Թռիչքների թիվն ավելացել է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Վրաստան ուղղություններով: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որպեսզի հուլիսի 8-ից ընկերությունները կարողանան չվերթներ իրականացնել Հայաստանից: Հայկական ավիաընկերություններից «Էյր Արմենիա»-ն շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ: Ռուսական ավիաընկերություններն ավելացրել են չվերթները ոչ միայն դեպի Մոսկվա, այլև Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ ուղղություններով: Բացվեց Երևան-Բաթում ուղղությունը»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին՝ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հասարակության շրջանում քաղավիացիայի գործառույթների հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա: Նրա խոսքով, քաղավիացիայի հիմնական գործառույթը թռիչքային անվտանգության ապահովումն է, այլ ոչ թե տոմսերի արժեքի սահմանումը կամ իջեցումը: Նա ընդգծեց, որ Քաղաքացիական ավիացիան կանոնակարգում է օդային տրանսպորտի ոլորտում թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակ ապահովելը: Բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարելուց զատ, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվել կրթական հարցերին և կոնկրետ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ:

«Սինգապուրի, Չինաստանի ավիացիոն ակադեմիաների հետ ենք աշխատել, և այնտեղ մեր ավիացիայի մասնագետները հնարավորություն են ստանում անվճար կրթություն ստանալու»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ նման համաձայնություն ունեն նաև Ֆրանսիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում