Պահը հասունացել է…

Պահը հասունացել է…

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Պահը հասունացել է: Առաջարկում եմ Երևանի Պետական Համալսարանի հիմնադրման հոբելյանական ծրագրերի շրջանակներում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից այգիներում՝ Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու հուշարձանների մոտակայքում, տեղադրել համալսարանական զոհված ազատամարտիկներ Թաթուլ Կրպեյանի և Պետրոս Ղևոնդյանի(Պետո) հիշատակը հավերժացնող հուշարձաններ:

Թաթուլ Կրպեյանը և Պետրոս Ղևոնդյանն իրենց ցուցաբերած խիզախությամբ, հայրենասիրությամբ և հերոսությամբ մշտապես եղել են ու շարունակում են լինել օրինակ համալսարանականերիս համար։ Ինձ համար հատկապես կարևոր է, որ 100-ամյա պատմություն ունեցող բուհի յուրաքանչյուր ուսանող, յուրաքանչյուր համալսարանական ճանաչի համալսարանական ազատամարտիկներին:

Ճանաչի և իմանա, որ Արցախի Հանրապետության Հերոս Պետրոս Ղևոնդյանը սովորել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում և իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին և Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման գործողությանը:

Ճանաչի և իմանա, որ ՀՀ Ազգային հերոս, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանը իր իսկ հիմնած զինված խմբով ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի(Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը:

Նրանք զոհվել են՝ թողնելով մեզ ազատագրված Հայրենիք: Մենք՝ ապրողներս, նրանց առաջ մեր պարտքը մարելու մեկ ճանապարհ ունենք. հարգել, հավերժացնել նրանց հիշատակն ու շարունակել նրանց պայքարը՝ խրամատում, աշխատանքային ճակատում, հանրային կյանքում, կրթության-գիտության ասպարեզում:

Վահագն ՎԱՐԱԳՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում