Էներգահամակարգի վթարի վերաբերյալ այս պահին երկու վարկած կա. փոխնախարար

Էներգահամակարգի վթարի վերաբերյալ այս պահին երկու վարկած կա. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հայաստանի էներգահամակարգում հուլիսի 10-ին տեղի ունեցած տատանումների վերաբերյալ այս պահին երկու վարկած կա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը՝ Հայաստանի երկու կայաններից մեկում առաջացած հնարավոր տեխնիկական խնդիրներից:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան, Հակոբ Վարդանյանը պատասխանեց. «Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել է այդ պահին եղած վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը տեղի է ունեցել տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երևան ՋԷԿ»-ում կամ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում»։

Ըստ նրա՝ ամբողջական պատկերը պարզ լինելուց հետո միայն կարող են հստակ խոսել պատճառների մասին։ «Հիմա ճիշտ չէ կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակը: Մենք մեր իրանցի գործընկերներից առաջին իսկ րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, դրանից հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ, ըստ իրենց, վթարը լոկալ է եղել և չի հասել մեր էլեկտրահաղորդման գծին: Այդ ամեն ինչը վերլուծվում է, ստուգվում է»,- ասաց փոխնախարարը։

Հակոբ Վարդանյանը նշեց նաև, որ հնարավոր է մեկ ամսվա ընթացքում արդյունքները պարզ լինեն։

Հարցին, թե էներգետիկ ցանցի ապահովվածությունը հաքերային հարձակումներից ինչ մակարդակի վրա է, փոխնախարարն ասաց՝ բարձր մակարդակի. «Ամբողջ աշխարհում ամենահուսալի բանն էլ հնարավոր է խափանել, քանի որ ստեղծված է մարդու կողմից, մարդն էլ հնարավոր է խափանի: Այսօր լավագույն համակարգն է ներդրված Հայաստանում, չկա աշխարհում դրանից ավելի լավը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում